ՌԴ դեսպանի հետ հրապարակային հարցեր Սուրեն Պապիկյանը չի ցանկանում պարզել. արդյո՞ք լռությունը համաձայնության նշան է

Մենք մեկ անգամ չէ, որ գրել ենք՝  Արծրուն Հովհաննիսյանը, որն այսօր զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի պետի պաշտոնը, այսինքն՝ գործող սպա է, դե ֆակտո չեզոքության սահման է խախտել՝ մասնակցելով իշխանական տարաբնույթ պրոյեկտների և հրապարակավ աջակցություն հայտնելով Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգին: Դրանով իսկ նա թիրախավորման տակ է պահել ՀՀ պաշտպանության նախարարությունը և նախարարին:

Իհարկե, Սուրեն Պապիկյանի դեպքում ևս նմանօրինակ դեպք ենք արձանագրել:
Մյուս կողմից, որքան էլ դրանք անընդունելի են եղել բանակը քաղաքականացնել-չքաղաքականացնելու կամ ՀՀ զինված ուժերին քաղաքական անուղղակի հրամաններ տալ-չտալու առումով, ամեն դեպքում, Պապիկյանի պաշտոնը քաղաքական է, և նա կուսակցական է: Իսկ Արծրուն Հովհաննիսյանը զինվորական է՝ որքան էլ փորձեն ասել, թե՝ այսպես ասած, կրթական միջոցառումների է մասնակցել: Բայց ոչ ոք չի կարող չնկատել դրանց քաղաքական շարժառիթներն ու նպատակները:

Դեռ մի կողմ ենք դնում 44-օրյա պատերազմի համատեքստում Արծրուն Հովհաննիսյանի՝ Փաշինյանի քաղաքական դեմքը փրկելու և, որքան էլ զարմանալի է, ռազմական նախկին ղեկավարության վրա, հատկապես՝ Գլխավոր շտաբի, սլաքն ուղղելու փորձերը:

Գուցե նաև այս հեռանկարը հաշվի առնելով է Փաշինյանը և կառավարական քարոզչական ՊՈԱԿ-ի ղեկավարությունը ցանկացել, որ Հովհաննիսյանը լինի ՀՀ ՊՆ ներկայացուցիչ և 44-օրյայի ժամանակ ամբողջ տեղեկատվությունը նրա «ձեռքով» մատուցվի, երբ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն այդ ժամանակ ուներ մամուլի խոսնակ, և ԳՇ-ում ևս պատերազմական տեղեկատվությունից հասկացողներ կգտնվեին:

Կարդացեք նաև

Այս թեմային դեռ առիթ կլինի անդրադառնալու, հատկապես, երբ առջևում Քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացումն է, իսկ Արծրուն Հովհաննիսյանը նաև Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում փորձագետ է եղել և իր մասնակցությունն է ունեցել զեկույցի բովանդակությունում:

Վերադառնանք Արծրուն Հովհաննիսյանի «թեթև ձեռքով» ՀՀ պաշտպանության նախարարության թիրախավորմանը:

Մայիսի 9-ին, ինչպես արդեն գիտենք, Արծրուն Հովհաննիսյանին կանչել էին Հանրային հեռուստաընկերություն, որ կոտրի Հայրենական Մեծ պատերազմին առնչվող ռուսական «միֆերն ու ստերը»՝ ապացուցելու, որ առանց ԱՄՆ-ի՝ Սովետը չէր կարող հաղթել, և այլն, ինչը մեծ ոգևորությամբ արեց:

Հովհաննիսյանն անդրադարձել է նաև «Գերտրուդա» գործողությանը, և դրա տրամաբանության մեջ խոսել Թուրքիայի վրա հարձակվելու ու Միացյալ Հայաստան ստեղծելու պլանի գոյության մասին, ինչպես նաև՝ Ստալինգրադի ճակատամարտում Խորհրդային Միության հաղթանակի և դրա չլինելու ռազմավարական նշանակության և արդյունքների մասին:

168.am-ն այդ հարցազրույցից հետո ուշադրություն էր հրավիրել  Շուշիի ազատագրման և ՊԲ ստեղծման պատմական փաստերն անտեսելու վրա, և ոչինչ, որ նախկին իշխանությունների օրոք, երբ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակն էր, մի առիթով պատասխանելով լրատվամիջոցներից մեկի՝ իր ղեկավարի մասին «վատ» հոդվածին», նույն Ա. Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում էր արել , նշելով.

«Երեկ մեր մամուլի «փայլուն» ներկայացուցիչներից մեկը տպել էր հերթական «գոհարը» Սեյրան Օհանյանի մասին: Գիտակցելով ձեր մակարդակն էլ, նպատակներն էլ, մղումներն էլ, կուզենանք ձեր «գոհարը» մանրամասնել նաև այլոց համար: Նախ բուն տեքստի առաջին իսկ մասում կա մի այնպիսի արտահայտություն, որով ի ցույց եք դնում ձեր կեցվածքը ոչ միայն ազգային հերոսի, այլ ողջ հայության նկատմամբ:

Ծայրաստիճան դատապարտելի է Շուշին Ադրբեջան համարելը: Նույն իմաստով ներկայացնենք, որ հիմնականում Բաքվի թերթերն են այդպես նշում, ինչպես նաև խոսում ղարաբաղյան կլանի մասին: Հայ ժողովրդի նկատմամբ նման ազգադավ քայլ կամ դրան նպաստող քայլ կարող են իրենց թույլ տալ հասկանալի կատեգորիայի մարդիկ: Կարծում ենք՝ հասարակությունը դեռ արժանիորեն կգնահատի ձեր արարքը:

Ի գիտություն Ձեզ, նշեմ նաև, որ ԽՍՀՄ-ի ժամանակ տարածաշրջանի երեք հանրապետություններից միայն Բաքվում կար համազորային ուսումնարան, և եթե դու ընդունվում էիր ԽՍՀՄ-ի համազորային ուսումնարան, ապա մասնագիտական կրթություն պետք է ստանայիր Բաքվում, իսկ եթե հրետանավոր էիր ուզում դառնալ, ապա պետք է մեկնեիր Թիֆլիս: Դա նաև խորհրդային քաղաքականության բաղադրիչներից էր»,- գրել էր նա:

Եվ եթե մենք Շուշիի օպերացիայի մասին Արծրուն Հովհաննիսյանի լռության ու «ուրացման» վրա էինք ուշադրություն սևեռել, ապա ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ Հայրենական Մեծ պատերազմի մասին նրա մեկնաբանության և միֆերը կոտրելու փորձերի, ընդ որում, ռուս դիվանագետը դա որոշել էր անել Սուրեն Պապիկյանին բաց նամակ գրելու տարբերակով:

Գուցե այստեղ հաշվի է առնվել ոչ միայն այն, որ Արծրուն Հովհաննիսյանը Պապիկյանի ենթական է, այլ, որ Սուրեն Պապիկյանը պատմաբան է, սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում, և, որ Հայրենական Մեծ պատերազմի վետերանի թոռ է, և ոչինչ, որ Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական զորահանդեսին ՀՀ զինված ուժերը չեն մասնակցել, ինչն, իհարկե, Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ է եղել:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ Պապիկյանին բաց նամակ հասցեագրելուց անցել է մոտ 4 օր, և հոդվածը գրելու պահին դեռ ոչ մի արձագանք չկար հրապարակային ձևաչափով:

Անշուշտ, Ս. Պապիկյանը ծանոթացել է դեսպանի այդ նամակին, բայց, ըստ էության, որքան կարելի է նկատել, ՀՀ պաշտպանության նախարարը հրապարակային հարցեր պարզելուց խուսափում է, իսկ այստեղ հարցը նաև հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում է: Այսինքն, դեռ պետք է հասկանալ՝ ի՞նչ կտա երկկողմ հարաբերություններին ՌԴ դեսպանին ուղիղ պատասխանելը: Իհարկե, կլինեն մարդիկ, որ կասեն՝ դրա մասին պետք էր մտածել Արծրուն Հովհաննիսյանին նման հարցազրույց անել թույլ տալուց, այո:

Սակայն այստեղ չպետք է անտեսել, որ Արծրուն Հովհաննիսյանը Սուրեն Պապիկյանի հրահանգով չէ, որ գնացել էր Հայրենական պատերազմի հետ կապված միֆեր կոտրելու, եթե անգամ հակառուսական տրամադրություններ գուցե նաև ՀՀ պաշտպանության նախարարի մոտ եղած լինեն կամ կան: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Պապիկյանի լռությունը համաձայնության նշան է, որ նա սրանով իր լուռ անհամաձայնությունն է հայտնում Արծրուն Հովհաննիսյանի պնդումներին: Գուցե, եթե այլ տարբերակով չի արձագանքել ռուսական նամակին:

Ի դեպ, հետաքրքիր է՝ ՌԴ դեսպանն ինչո՞ւ բաց նամակ Նիկոլ Փաշինյանին չի գրել, կամ արդյո՞ք փորձել է ՊՆ նախարարի հետ անմիջապես հանդիպել և իր վրդովմունքն արտահայտել: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մի օր կիմանանք:

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »