
ԵՄ արտաքին գործերի նախարարները կարող են համաձայնության գալ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման շուրջ

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հույս է հայտնել, որ Բրյուսելում հավաքված նախարարները համաձայնության կգան Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ։
Այս մասին հայտնում է Reuters-ը։
Տեղեկությունների համաձայն՝ նախարարները քննարկում են տնտեսական պատժամիջոցները վերացնելու քաղաքական որոշում՝ միաժամանակ պահպանելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի վարչակազմին առնչվող պատժամիջոցները և միջոցներ ձեռնարկելով մարդու իրավունքները խախտողների դեմ։
«Ակնհայտ է, որ մենք ցանկանում ենք, որ (Սիրիայում) ժողովրդի համար աշխատատեղեր և ապրուստի միջոցներ լինեն, որպեսզի այն ավելի կայուն երկիր լինի», – նշել է Կալասը։
Syria TV-ի տեղեկացմամբ՝ Սիրիայի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների ներկայիս փաթեթի ժամկետը լրանում է հունիսի 1-ին, ինչը հնարավորություն է տալիս փոփոխությունների ենթարկել սիրիական հարցի նկատմամբ եվրոպական քաղաքականությունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ մտադիր է վերացնել Սիրիայի նկատմամբ սահմանած պատժամիջոցները։