
ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու նախագիծը ՔՊ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ
Ազգային ժողովն այսօր 65 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կատարվողը բնորոշեց որպես «խլելը նորաձև է» օպերացիա։ Ըստ նրա՝ սա ոչ միայն Սամվել Կարապետյանի դեմ է, այլև ազդանշան է մյուսների համար, որ իշխանությունն իր կառուցած բռնատիրությունը պաշտպանելու ճանապարհին մարդկանց ունեզրկելուց, ազատազրկելուց կամ բռնություն գործադրելուց հետ չի կանգնելու։
Իսկ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նախազգուշացրեց՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը կյանքի կոչվելու դեպքում ոչ միայն վատանալու է համակարգը, այլև Հայաստանը հայտնվելու է ծանր վիճակում։ Նույն խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ նախազգուշացրեց՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը հանգեցնելու է նրան, որ Հայաստանի միջազգային հեղինակությունն էականորեն տուժելու է, և միջազգային դատական հայցեր են ներկայացվելու ՀՀ-ի դեմ։
Նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ հայտարարեց՝ երբ այս իշխանությունը ստանձնի ՀԷՑ–ի կառավարումը, էլեկտրաէներգիան թանկանալու է, իսկ որակը՝ կրկնակի վատանալու։