
«Մենք խորապես զարմացանք՝ լսելով բարոյական այն զանցանքների մասին, որոնցում վարչապետ Փաշինյանը մեղադրում է Հայաստանի եպիսկոպոսներին, և մասնավորապես՝ Գարեգին Բ կաթողիկոսին». Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի Վարչություն

Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի Վարչության հայտարարությունը
Մենք խորը մտահոգությամբ ենք հետևում Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լուրջ տարաձայնությանը: Ցավով տեղեկացանք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից բացի, այժմ կալանավորված է նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Գարեգին Բ կաթողիկոսը կոչ է արել Հայաստանի և ամբողջ աշխարհի հավատացյալներին աղոթել բանտարկյալների և երկրում խաղաղության համար: Մենք՝ որպես Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի Վարչություն, նույնպես ցանկանում ենք միանալ այս կոչին և աղոթքին:
Իշխանությունների և դատական համակարգի կողմից եպիսկոպոսների դեմ ուղղված մեղադրանքները մեզ հավատ չեն ներշնչում: Աղոթքի իր կոչում Գարեգին Բ կաթողիկոսը խոսել է անհիմն մեղադրանքների մասին և ձերբակալությունները որակել անօրինական: Մենք խորապես զարմացանք՝ լսելով բարոյական այն զանցանքների մասին, որոնցում վարչապետ Փաշինյանը մեղադրում է Հայաստանի եպիսկոպոսներին, և մասնավորապես՝ Գարեգին Բ կաթողիկոսին:
Մտահոգիչ է այն բառամթերքի կիրառումը, որը հասարակության մեջ պառակտումների աճի է հանգեցնում: Օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների հարգանքը համարում ենք Հայաստանի և նրա ժողովրդի լավ ապագայի հիմնարար գործոններ: Առանց այն էլ երկիրն արդեն իսկ բախվում է լուրջ մարտահրավերների: Մենք պարզապես պետք է մտածենք Լեռնային Ղարաբաղից բազմաթիվ փախստականների մասին, ովքեր այժմ ստիպված են նոր կյանք կառուցել Հայաստանում, և բոլոր այն հայերի մասին, ովքեր դեռևս գերության մեջ են Ադրբեջանում: Հետևաբար, Հայաստանին անհրաժեշտ է միասնություն և հասարակական համախմբվածություն:
Այս համատեքստում մենք նաև կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ուշադիր հետևելու Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և ակտիվորեն պահանջելու մարդու իրավունքների, մասնավորապես՝ կրոնական ազատությունների հարգանքը։
Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ինքնության հենասյունը և հոգևոր, սոցիալական ու մշակութային կայունության երաշխավորը, հատկապես այնպիսի ճգնաժամային ժամանակներում, ինչպիսին էր հայ բնակչության բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից 2023 թվականին։ Մեր հայ քույրերի և եղբայրների հետ համերաշխությամբ աղոթում ենք արդարության, հաշտեցման և Հայաստանում եկեղեցու պաշտպանության համար։
Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի Վարչություն. «Միջազգային հանրությունը պետք է ակտիվորեն պահանջի մարդու իրավունքների, մասնավորապես՝ կրոնական ազատությունների հարգանքը»
Վիեննա/Երևան, 3 հուլիսի, 2025թ. (KAP) Ավստրիայի Եկեղեցիների Խորհուրդը (ÖRKÖ) «խորը մտահոգությամբ» է հետևում Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լուրջ տարաձայնությանը։ «Ցավով տեղեկացանք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից բացի, այժմ կալանավորված է նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը», – հինգշաբթի օրը Վիեննայում հայտարարել է Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի Վարչությունը։ Գարեգին Բ կաթողիկոսը կոչ է արել Հայաստանի և ամբողջ աշխարհի հավատացյալներին աղոթել բանտարկյալների և երկրում խաղաղության համար։ «Մենք նույնպես ցանկանում ենք միանալ այս կոչին և աղոթքին», – ասել է Եկեղեցիների Խորհրդի ղեկավարությունը։
Բացի այդ, Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի Վարչությունը դիմում է միջազգային հանրությանը։ Խորհուրդը «շարունակում է զգոնությամբ հետևել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և ակտիվորեն պահանջել մարդու իրավունքների, մասնավորապես՝ կրոնական ազատությունների հարգանքը»։ Հայ եպիսկոպոսների դեմ իշխանությունների և դատական համակարգի կողմից ներկայացված մեղադրանքները «մեզ հավատ չեն ներշնչում», – ասել են Ավստրիայի եկեղեցիների ներկայացուցիչները։ Գարեգին Բ կաթողիկոսը մերժել է մեղադրանքները՝ դրանք որակելով «անհիմն», իսկ ձերբակալությունները՝ որպես անօրինական։
«Բառամթերքի կոպտությունը», որը հայ հասարակության մեջ խորացնում է պառակտումը, նույնպես մտահոգիչ է Խորհրդի համար։ Օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը հիմնարար նշանակություն ունեն Հայաստանի և նրա ժողովրդի լավ ապագայի համար։ « Առանց այն էլ երկիրն արդեն իսկ բախվում է լուրջ մարտահրավերների: Մենք պարզապես պետք է մտածենք Լեռնային Ղարաբաղից բազմաթիվ փախստականների մասին, ովքեր այժմ ստիպված են նոր կյանք կառուցել Հայաստանում, և բոլոր այն հայերի մասին, ովքեր դեռևս գերության մեջ են Ադրբեջանում: Հետևաբար, Հայաստանին անհրաժեշտ է միասնություն և հասարակական համախմբվածություն»։
Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ինքնության հենասյուն և «հոգևոր, սոցիալական ու մշակութային կայունության երաշխավոր, հատկապես այնպիսի ճգնաժամային ժամանակներում, ինչպիսին էր հայ բնակչության բռնի տեղահանությունը Լեռնային Ղարաբաղից 2023 թվականին», – նշում է Վարչությունը. «Մեր հայ քույրերի և եղբայրների հետ համերաշխությամբ աղոթում ենք արդարության, հաշտեցման և Հայաստանում եկեղեցու պաշտպանության համար»։
Եկեղեցու բարերարի ընկերությունները բռնագրավվում են
Արքեպիսկոպոս Գալստանյանը 13 այլ անձանց հետ միասին ձերբակալվել է մեկ շաբաթ առաջ, նրան մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է Հայաստանի կառավարությունը տապալելու դավադրություն պլանավորելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և ենթադրաբար ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ: Միքայել արքեպիսկոպոսը մեղադրվում է նույն հոդվածներով: Ձերբակալվածների թվում է նաև հայտնի գործարար և Հայ Առաքելական Եկեղեցու բարերար Սամվել Կարապետյանը: Նա, ըստ էության, մեղադրվում է նույն հանցագործությունների մեջ, ինչ հոգևորականները: Միլիարդատիրոջ ընկերություններն արդեն բռնագրավվում են պետության կողմից:
Հայ Եկեղեցին պետության գործողությունները համարում է քաղաքական: Գալստանյանը համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի շարժման առաջատար դեմք, որի կողմնակիցները անցյալ տարի փողոցային բողոքի ցույցերի ժամանակ պահանջել են վարչապետի հրաժարականը՝ Ադրբեջանի հետ հակամարտության մեջ նրա քաղաքականության պատճառով:
Բարեսիրական կազմակերպություն. «Եկեղեցուն ուզում են լռեցնել»
Ավստրիական միջեկեղեցական բարեսիրական «Christen in Not» կազմակերպությունը նույնպես հինգշաբթի օրը կոշտ քննադատել է Փաշինյանի գործողությունները Հայ եկեղեցու դեմ: «Հայոց եկեղեցուն ուզում են լռեցնել», – ընդգծել է գլխավոր քարտուղար Էլմար Կունը իր հայտարարության մեջ։ Վերջինս այն անվանել է «վարչապետի կողմից ընդհանուր առմամբ թափանցիկ մանևր, որի նպատակն է լռեցնել այն Եկեղեցու ձայնը, որը բարձրաձայնում է տեղահանված անձանց կարիքները և դեմ է արտահայտվում Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների ոչնչացմանը, որոնցից մի քանիսը մինչև 1700 տարեկան են»։
«Christen in Not» կազմակերպությունը նշում է, որ 2023 թվականից ի վեր համագործակցում է կալանավորված Միքայել արքեպիսկոպոսի հետ՝ Լեռնային Ղարաբաղից արտաքսված քրիստոնյաներին օգնելու նախագծի շուրջ: «Մենք կոչ ենք անում մեր ավստրիացի և եվրոպացի քաղաքական գործիչներին վճռականորեն դեմ լինել Հայաստանում ընթացող մշակութային և եկեղեցական պայքարին և վերադառնալ անկախ դատական համակարգին», – ասել է գլխավոր քարտուղար Կունը։
Եկեղեցական արարողություններ ազատության համար
Ս․ Էջմիածնի տաճարում ամեն օր անցկացվում են բանտարկյալների ազատման համար արարողություններ: Այս արարողությունները նախագահում են աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսները, որոնք այդպիսով արտահայտում են Սփյուռքի եկեղեցու համերաշխությունն ու կապը Հայաստանի Մայր Եկեղեցու հետ: Օրինակ՝ երեքշաբթի օրը պատարագ մատուցեց Ֆրանսիայի Թեմի առաջնորդ Գրիգոր եպսիկոպոս Խաչատրյանը: Իր քարոզում նա ներկայիս Հայաստանը բնութագրեց որպես հստակ ինքնություն չունեցող ազգ՝ ընդգծելով, որ սա չի կարող տանել դեպի լուսավոր ապագա:
Երկուշաբթի օրը Գարեգին Բ կաթողիկոսն ինքը նախագահեց արարողությունը: Պատարագիչն էր Արցախի (Լեռնային Ղարաբաղ) թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որի թեմը ներկայումս գոյություն ունի միայն թղթի վրա, այն բանից հետո, երբ Ադրբեջանը նվաճեց տարածաշրջանը 2023 թվականի աշնանը: Հայ եկեղեցու հայտարարության համաձայն՝ արարողությանը մասնակցել են Արցախի հասարակական գործիչներ և 2023 թվականի աշնանից Ադրբեջանի կողմից գերության մեջ գտնվող հայերի ընտանիքների անդամներ:
Անմեղ հայեր են բանտարկված, և Հայաստանում անհրաժեշտ են ավելի մեծ ջանքեր այս «պատանդներին» ազատ արձակելու համար, ասաց եպիսկոպոսը: Սակայն այս պահին բացակայում է քաղաքական կամքը։ Եպիսկոպոսն ավելի խորը ազգային և հոգևոր ինքնագիտակցության կոչ է արել։
(Ամբողջական հայտարարությունը հասանելի է Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի կայքում։)