
Կախվել են փրփուրներից. Փաշինյանը որոշել է, որ ի՞նչ վատ օրինակ է՝ խոսենք երդվյալ ատենակալների ինստիտուտից. Գոհար Մելոյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորության մասին։
«Երբեմն մտածում եմ, որ արդարության և արդարադատության միջև ճեղքի մասին ընկալումներն ու իրականությունը կարող են կապված լինել այն պրոբլեմի հետ, որ մենք մեր կառուցակարգերով, մեր դատական համակարգն էականորեն հեռացրել ենք ժողովրդից, կտրելով նրան ինքնիշխանի, այսինքն՝ ժողովրդի և դատական համակարգի միջև օրգանական կապը։ Նոր Սահմանադրության ընդունման համատեքստում, մենք լրջորեն պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը»,- իր խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանի համար պարզապես ծիծաղելի է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորության մասին Փաշինյանի հայտարարությունը։
Նա հիշեցրեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի «լուրջ քասթ» հաղորդման ընթացքում արված հայտարարությունը, երբ նրան հարց ուղղեցին, թե հնարավո՞ր է՝ երդվյալ ատենակալների ինստիտուտ ստեղծվի։ Ի պատասխան՝ նախարարն ասել էր, որ մի պետությունում, որտեղ մարդկանց սոցիալական կապերը միմյանց հետ շատ է՝ այս ինստիտուտը դժվար ներդնելի ու դժվար պատկերացնելի է։
«Այսօր մենք ապրում ենք մի իրականությունում, երբ 2018 թվականին ՔՊ-ն՝ գալով իշխանության, ունեցել է իր օրակարգում Սահմանադրության փոփոխություններ անելու խոսույթը, սակայն նոր Սահմանադրություն ընդունելը նրանց մոտ նախորդ տարի դարձավ օրակարգ։ Եվ այս ամենն ուղղակիորեն հաջորդեց Ադրբեջանի նախագահի ելույթ-պահանջին։ Հիմա արդեն 7 տարի լինելով իշխանության, օրակարգում ունենալով սահմանադրական փոփոխություններ, այնուհետև նոր Սահմանադրություն ունենալու օրահարց, նաև ձևավորած սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով խորհուրդ, որից մեկը կազմալուծվեց, խախտեցին երկրի ղեկավարի որոշմամբ նախատեսված բոլոր ժամկետները՝ 2024 թվականին չներկայացրեցին սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն ու նախագիծը։
Նախորդ տարի իրենք նոր փոփոխություններ կատարեցին՝ ժամկետը երկարաձգեցին՝ հայտարարելով, որ խոսքը նոր Սահմանադրության մասին է։ Արդարադատության նախարարը հայտարարեց, որ հայեցակարգ անհրաժեշտ չէ, և իրենք Սահմանադրության տեքստ են մշակելու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գոհար Մելոյանը։
Նրա դիտարկմամբ՝ այս ամենից եզրակացությունը մեկն է՝ այս ամբողջ ժամանակահատվածում իշխանությունն անգամ մեկ նյութական նորմ հանրությանը չի ներկայացրել, թե ինչն է այն հենասյունային խնդրահարույց նորմատիվային հիմքը, որ այդքան անհրաժեշտություն կա սահմանադրական փոփոխության։ Հիմա իշխանությունն ունի օրահարց՝ մինչև 2026 թվական ընդունել նոր Սահմանադրություն։
«Անթալիայի դիվանագիտական ֆորումում Արարատ Միրզոյանի մասնակցությամբ քննարկմանն Ադրբեջանի արտգործնախարարը պնդեց Սահմանադրությունը փոխելու հարցը։ Այսօր, բացի թուրք-ադրբեջանական պահանջից, ՀՀ-ում նոր Սահմանադրություն ընդունելու կոնկրետ հիմք չկա, չեն ներկայացնում որևէ բացատրություն։
Հիմա մեր բարձրաստիճան պաշտոնյաները չկարողանալով տալ այն բացատրությունը, ինչը կպայմանավորեր նոր Սահմանադրության ընդունումը՝ կախվել են փրփուրներից։
Ամբողջ աշխարհում նույն Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ու հարուստ բազան երբ ուսումնասիրում ենք, կարմիր թելով անցնում է այն միտքը, որ նոր Սահմանադրության ընդունումը պետք է պայմանավորված լինի իրավունքի զարգացմամբ, ծայրահեղ անհրաժեշտությամբ։ Անգամ կան պետություններ, որտեղ նոր Սահմանադրություն ընդունելը հիմք է տվյալ երկրում օրենսդիր մարմնի լուծարման, այսինքն՝ այնքան անհրաժեշտ է, որ իշխանությունը գնում է այդ քայլին՝ իր իշխանությունը թողնելու գնով։ Այսինքն՝ չկա նման բան, որ Սահմանադրությունը փոխեն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա նաև նշեց, որ Արդարադատության նախարարն իրենց քայլերը բացատրում էր նրանով, թե սոցիալական իրավունքներն են ընդլայնելու, սակայն չբերեց որևէ օրինակ, թե այդ ո՞ր սոցիալական իրավունքն են ընդլայնելու։ Միակ օրինակը, որը նախարարը բերել է, Գոհար Մելոյանի մոտ տարակուսանք է առաջացրել։
«Ասում է՝ Սահմանադրությունն անկախ ու ինքնավար մարմիններ է նախատեսում, ինքնավար մարմինների հասկացությունը Սահմանադրությունում կա, անկախ մարմիններինը՝ չկա։ Տարակուսելի է, որ սա անգամ նախարարը չի պատկերացնում, հիմա բացատարեմ՝ ինչո՞ւ է այդպես. Անկախ պետական մարմինների հասկացություն չկա, որովհետև Սահմանադրությունը և սահմանադիրը փոփոխությունների ժամանակ հստակ սահմանել են՝ անկախ մարմիններն իրենք հստակ թվարկված են, ու սա պատահական չի արվել, արվել է, որպեսզի ընդգծեն տվյալ մարմնի կարևորությունը։ Սահմանադիրը նաև տվել է հնարավորություն ճկունություն ապահովելու տեսանկյունից՝ ստեղծելու ինքնավար մարմիններ, որոնք իրենց տեսակով նվազ կարևոր չեն, բայց Սահմանադրությամբ նախատեսված մարմին չեն։
Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ ի՞նչ վատ օրինակ է, խոսենք երդվյալ ատենակալների ինստիտուտից»,- ընդգծեց Գոհար Մելոյանը։