Բաժիններ՝

Հարկատուն՝ «հերոսության» ու «երջանկության» արանքում, մինչդեռ Հայաստանում հարկային վարչարարությունը պետք է լինի խթանող

«Հարկատուն հերոս է» փաշինյանիզմը, պարզվեց, միակը չէ, որ իշխանությունները ձոնել են հարկային բեռի տակ ծանրացած քաղաքացիներին․ օրերս Պետական եկամուտների կոմիտեի նախագահն է սկսել համոզել, թե «հարկը բեռ չէ, այլ եկամտի մաս, որը հատկացնում ենք բոլորին երջանիկ դարձնելու համար»։

Նշենք՝ նմանատիպ թևավոր խոսքերը հարկ վճարող շատուշատ քաղաքացիներ գրեթե ամեն հինգշաբթի՝ գործադիր նիստերի օրերին, հենց կառավարության դիմաց մերժում են։ Նրանք պնդում են՝ այս կարգախոսերի ներքո իրենց կեղեքում են։

Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանն այս գեղարվեստական, ամպագոռգոռ խոսքերի տակ խորը խնդիրներ է նշում։ Իրականությունը, ըստ տնտեսագետի, այն է, որ այսօր Հայաստանում գումար վաստակելը լուրջ խնդիր է, և հաճախ մարդկանց կատարած աշխատանքը համահունչ չէ ստացածին, իսկ սրան էլ գումարվում է օրեցօր աճող հարկային այս ու այն պարտավորությունը։

«Երբեք չի կարելի է ասել՝ միջազգային փորձն այսպիսին է․ մենք ունենք ունիկալ վիճակ, հետևաբար՝ մեր կառավարությունները պետք է ընդունեն այնպիսի որոշումներ, որոնք հարիր են մեր երկրին,- 168․am-ի հետ զրույցում պարզաբանեց մասնագետը, ապա մանրամասնեց,- Հայաստանում հարկային վարչարարությունը պետք է լինի խթանող։ Խթանող քաղաքականությունը դրանք արտոնյալ պայմաններն են, հեշտացնող մոտեցումներն են։ Մեր երկրում վարվող հարկային քաղաքականությունն ավելի շատ պետք է միտված լինի ոչ թե ֆիսկալ նպատակների լուծմանը, այլ սոցիալական խնդիրների, որովհետև այսօր ունենք արտագաղթ, քիչ բնակչություն, ռիսկային իրավիճակ, անբարենպաստ ներդրումային միջավայր և այլն։ Ու սա հաշվի առնելով՝ պետք է ճգնաժամային կառավարմանը հարիր մոտեցում ցուցաբերվի»։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ գույքահարկի, շրջհարկի փոփոխություններն արդեն բավարար են, որ փաստենք՝ հարկային բեռն ավելացել է։

«Շրջհարկի ծավալն ընդհանուր հարկային եկամուտների մեջ մոտավորապես 1 տոկոս է կազմում,- հիշեցրեց նա և շեշտեց,- Դու պետք է նայես՝ այդ հարկերը քանի տոկոս եկամուտ են ապահովում ընդհանուր մուտքերի մեջ․ երբ տեսնում ես՝ ընդամենը 1 տոկոսի մասին է խոսքը, ավելի լավ է այդ 1 տոկոսը մենք չունենանք, բայց ունենանք մի հասարակության մեծ շերտ, որ չի արտագաղթի, չի փակի բիզնեսը։

«Երջանկությունը» թե ովքեր են իրենց մաշկի վրա զգում, ասելով չէ․ պարգևավճար ստացողները երջանիկ կզգան, բայց եթե հասարակ քաղաքացին տեսնի՝ 5 տոկոս շրջհարկը դարձել է 10 տոկոս, բնական է՝ ինքն իրեն երջանիկ չի զգա։ Հետևաբար, մեծ բառեր ասելով չի, գոյություն ունի իրականություն»։

Իսկ մենք հիշեցնենք, թե այս իշխանություններն անհատներին «երջանկացնելու» ու «հերոսացնելու» համար ինչեր են արել․

Կառավարությունը 2021թ.-ից ներդրեց անշարժ գույքի գույքահարկի հաշվարկման նոր համակարգ, ու որպեսզի քաղաքացիները միանգամից չզգան հարկային բեռի կտրուկ աճը, սահմանվեց գույքահարկի բարձրացման 6 տարի անցումային ժամանակահատված: Ըստ այդմ՝ գույքահարկի նոր կարգավորումներն ուժի մեջ մտնելուց հետո առաջին տարվա համար սեփականատերերը վճարելու էին գույքահարկի նոր գումարի ընդամենը 25%-ի չափ հարկ, երկրորդ տարում՝ 30%-ի, այնուհետև՝ 35%-ի, 50%-ի, այս տարի՝ 2025 թվականին՝ 75%-ի, և 2026 թվականին արդեն վճարելու են հաշվարկված գույքահարկի ամբողջ մեծությունը:

Այս տարի ՀՀ քաղաքացին վճարելու է 2024 թվականի համեմատ 50%-ով ավելացված անշարժ գույքի գույքահարկ, իսկ 2026թ.-ին այն դարձյալ ավելանալու է՝ 2025-ի համեմատ՝ 33%-ով։

2025թ. հունվարի 1-ից երևանցիներն աղբահանության վճարը տալիս են նոր մեթոդաբանությամբ՝ «ըստ անշարժ գույքի մակերեսի»։

Օրենսդրական փոփոխություններով ամրագրվեց, որ տնտեսական գործունեության տեսակների մեծ մասի համար նախատեսվում է կտրուկ՝ 2-3.3 անգամ, բարձրացնել շրջանառության հարկի դրույքաչափը․ առք ու վաճառքի գործունեությունից ստացվող եկամուտները նախկին 5%-ի փոխարեն՝ հարկվելու են 10%-ով, արտադրական գործունեությունից ստացվող եկամուտները՝ նախկին 3.5%-ի փոխարեն՝ 7%-ով, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտները՝ նախկին 6%-ի փոխարեն՝ 12%-ով։

2025թ. հունվարի 1-ից նոտարական ու փաստաբանական գործունեություն ծավալողներն այլևս չեն գործում շրջանառության հարկի համակարգում

Տնտեսվարողները հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում այսուհետ ստիպված կլինեն նախկին 0.04 %-ի փոխարեն վճարել օրական 0.075%-ի չափով տույժ։

2024թ.-ից երևանցիների համար ավելի քան 13 անգամով բարձրացվել է ավտոկայանատեղերի` այսպես կոչված՝ «կարմիր գծերի» տարեկան վճարը։

2025թ. փետրվարի 1-ից Երևան քաղաքում ներդրվել է հասարակական տրանսպորտի նոր, միասնական տոմսային համակարգը, որի շրջանակներում տրանսպորտային ծառայությունները թանկացան։

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »