
Եթե Իրանը հրաժարվի Հայաստանի հարցում կարմիր գծերից, կառաջանա սուպեր Թուրքիա, Հայաստանը կսկսվի հալվել՝ շրջապատված լինելով երեք կողմից. Արթուր Խաչիկյան
«Աշխարհաքաղաքական իրավիճակը գտնվում է է՛լ ավելի մեծ էսկալացիայի շեմին»,- 168TV-ի «Դիպլոմատ» հաղորդաշարի եթերում ասաց ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով ուկրաինական պատերազմում ստեղծված իրավիճակին՝ Կիևի ահաբեկչական հարձակումներին ՌԴ տարածքում, ստամբուլյան գլոբալ բանակցություններին ու էսկալացիայի ռիսկերին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի, Արևմուտքի միջև բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծվել միջուկային գերտերության նկատմամբ ահաբեկչական վերջին հարձակումներից հետո, որը Ռուսաստանը չի կարող անպատասխան թողնել, ինչի մասին ՌԴ նախագահը հայտարարեց:
Արթուր Խաչիկյանի որակմամբ, իրադարձություններն ընթանում են էսկալացիայի ճանապարհով, ընթանում է սպառազինության ինտենսիվ մրցավազք Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրոպայի միջև, ավելացվում են սպառազինության արտադրության ծավալները:
«Մենք ընթանում ենք դեպի մեծ պատերազմ, կողմերի դիրքորոշումները չափազանց հեռու են միմյանցից, կողմերի համար չափազանց դժվար է լինելու պայմանավորվել, այս երեք տարվա դժվարություններից, կորուստներից ու տարածքային ձեռքբերումներից հետո շատ դժվար է լինելու ՌԴ-ի համար դրանցից հրաժարվել:
Հաղթող կողմը երբեք տարածքներ չի զիջում, մյուս կողմից՝ Ուկրաինայի համար է բարդ լինելու այդ ամենը ճանաչել ՌԴ տարածք: Մենք ընթանում ենք դեպի մեծ էսկալացիա և կտեսնենք, թե ինչ է անելու ՌԴ ղեկավարությունը»,- ասաց Խաչիկյանը:
Նրա կարծիքով, ՌԴ նպատակն է՝ ցույց տալ, որ Զելենսկիին չարժի վստահել, որ վերջինս իրականացնում է ահաբեկչական գործողություններ, հետևաբար՝ ինչպես նրա հետ պայմանավորվել:
«Եթե Ուկրաինայի հետ ՆԱՏՕ չանդամակցության և արևմտյան ուժերի չտեղակայման պարտավորություններով պայմանագիր ստորագրվի, ապա այդ պայմանագիրը չի իրականացվի: Եթե բանակցությունների ընթացքում են նման քայլեր իրականացվում, ապա ինչպե՞ս վստահել նման կողմին: Ռուսական կողմը նաև կցանկանա ապացուցել Թրամփին, որ լարման պատասխանատուն ոչ թե Ռուսաստանն է, այլ Ուկրաինան՝ համոզելով Թրամփին դուրս գալ հակամարտությունից, չաջակցելով Ուկրաինային:
Եվրոպացիներն ապակառուցողական դերակատարություն ունեն, ֆանատիկորեն են տրամադրված, թեև նրանց պատերազմելու հնարավորությունները չափազանց քիչ են: Ուստի մենք ներկայումս կանգնած ենք բավականին վտանգավոր փուլում, և եթե մյուս կողմից նման անմտածված քայլերը շարունակվեն, դա կստիպի Ռուսաստանին վճռական քայլերի դիմել»,- ասաց վերլուծաբանը:
Խաչիկյանը չբացառեց նաև հնարավոր հարձակումն Իրանի նկատմամբ:
«Ներկայումս թվում է, թե ցանկանում են պայմանավորվել Իրանի հետ, Ռուսաստանի շահերից է բխում, որ այդ հարցը խաղաղ լուծում ստանա, դա բխում է նաև մեր շահերից, ծայրահեղ անցանկալի է, որպեսզի պատերազմ սկսվի: Հարցն այն է՝ արդյոք Իրանն իրավունք ունի՞ ուրան հարստացնել ընդհանրապես»,- ասաց Խաչիկյանը:
Նրա դիտարկմամբ, մեր հակառակորդների համար այդ պղտոր ջրում ձուկ բռնելու համար բարենպաստ մթնոլորտ է ստեղծվում:
«Այդ դեպքում ձուկը մենք ենք: Ես, երեք տարի է՝ ասել եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են ճնշումներ բանեցնել Իրանի ուղղությամբ, որպեսզի մեր հաշվին զիջումներ լինեն, ինչպես Ղարաբաղում եղան մեր հաշվին: Թե ի՞նչ է անելու ՀՀ կառավարությունը՝ ընդհանրապես անհնար է հասկանալ: Իրանն էր պաշտպանում Սյունիքը, բայց նրանց կողմից շատ սխալ կլիներ հրաժարվել դիրքորորոշումներից Հայաստանի հարցում, քանի որ կառաջանա սուպեր Թուրքիա, Հայաստանը կսկսվի հալվել, երբ շրջապատված կլինի երեք կողմից, և մենք մեզ այստեղ այլևս հարմարավետ չենք զգա, դրանից հետո Թուրքիան դուրս կգա Կասպից ծով: Թուրքերը կարող են շատ շուտով այլ՝ շատ ավելի կոշտ լեզվով խոսել և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի հետ»,- ասաց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում: