
ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԿՐԱԾ, ԿՌԻՎ ՏՎՈՂ ԹԵԿՆԱԾՈՒ Է ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ. ՆԻԿՈԼԸ ՔՊ-Ի ՀԱՄԱՐ ԿԲԱՑԻ ԴԺՈԽՔԻ ԴՌՆԵՐԸ. #ԴԱՍԵՐ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը և քաղաքագետ Արմեն Մինասյանն են։ Հաղորդման վերջին հատվածում անսպասելի նրանց է միանում Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու հարցով «Արթուն ենք» քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Էդգար Ղազարյանը:
Երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին առաջարկում ենք վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջարկ ներկայացնել և այդ նպատակով ՀՀ վարչապետի թեկնածու առաջարկել»:
Այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը հայտարարություն տարածեց, որում ասվում էր.
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը սույն թվականի հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշեց «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին»։
Կարճ ժամանակ անց հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետի թեկնածուն՝ Դավիթ Համբարձումյանը.
«Սիրելի ընկերներ, գաղափարակիցներ
Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի կողմից ստացա պարտավորեցնող առաջարկ մաս կազմել մեր բոլորիս հայրենիքը ազատագրելու գործին:
Սա պարտավորեցնող ու պատվաբեր առաջարկ է, որը ես ընդունել եմ խորապես գիտակցելով պատասխանատվությունը, վտանգները և իհարկե մեր բոլորի երազած հաղթանակի ռեալ հնարավորությունը:
Իշխանազավթման առաջին օրից ձեր բոլորի աչքի առաջ ամեն ջանք գործադրել եմ աղետը կանխելու կամ գոնե հեռացնելու ուղղությամբ: Ինձ ու համարյա իմ բոլոր հարազատներին շինծու գործերով բանտարկել են, սակայն իմ կամքի վրա ազդելն անհնար է:
Պայքարի մեջ ես վերկուսակցական մոտեցման կողմնակից եմ: Ինքս բոլոր ընդդիմադիրներին անկեղծ համախմբման կոչ եմ անում և պատրաստ եմ արձագանքել նման բոլոր կոչերին:
Ես հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից: Նպատակս միայն մեկն է՝ ազատվել չարիքից:
Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէ՜ր, և զգործս ձեռաց մերոց յաջողեա՜ մեզ: Ամէն»։
«Դասեր» հաղորդաշարի զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Կարեն Քոչարյան.- Դավիթ Համբարձումյանը կարողացավ այնքան ռեսուրս ունենալ, որ ոչ միայն ընտրվեց քաղաքապետ, այլև չարժանացավ մյուս ընդդիմադիր համայնքապետերի ճակատագրին։ Կարծում եմ՝ նա չի ասոցացվում այն նախկին հանրապետականների հետ, ովքեր 2018թ․ մերժվեցին։ Լոկալ քաղաքական շրջանակներում Դավիթ Համբարձումյանը ճանաչելի է, հանրային շրջանակներում՝ ոչ այնքան։
Արմեն Մինասյան.– Դավիթ Համբարձումյանը համայնքում խոր հարգանք է վայելում, ու դա է պատճառը, որ իշխանությունները նրանից մարդագողություն չեն կարողացել անել։ Նրա շուրջ կոնսենսուս, համախմբում հնարավոր է. մինչ այսօր նա երկինք հասնող քաղաքական ամբիցիաներ չի ցուցաբերել։ Կարևորն իմպիչմենտի պրոցեսին մեկնարկ տալն է։ Բուն պրոցեսին ընթացակարգային առումով մեկնարկ տալու համար, կարծում եմ, Դավիթ Համբարձումյանն ընդունելի թեկնածու է։ Ով ճանաչում է, գիտի՝ Դավիթը կռիվ տվող, սկզբունքային տեսակ է։ Ժամանակը ցույց կտա՝ նոր առաքելության պարագայում ինքն իրեն ինչպես կդրսևորի։
Կարեն Քոչարյան.- Դավիթ Համբարձումյանը, ի տարբերություն Էդմոն Մարուքյանի, առիթ չի տվել կասկածելու, որ կարող է իշխանության հետ գործարքի գնալ։ Այս պարագայում ԱԺ «Հայաստան» խմբակցության չմիանալը իմպիչմենտի այս գործընթացին բացատրություն չի ունենալու։
Պարզ է, որ իշխանությունն ամեն ինչ փորձելու է անել այս գործընթացի դեմ․ խնդիրն այստեղ ընդդիմության դիրքավորման մեջ է։
Արմեն Մինասյան.- Հակված եմ մտածել, որ հիմա կսկսվի քաղաքական կոնսուլտացիաների շրջան, որ վերջնական հասկանան իրենց անելիքը։
Եթե մենք խոսում ենք ազգային համաձայնության կառավարության մասին, ապա Դավիթ Համբարձումյանը լինելու է տեխնիկական ղեկավար, որովհետև համաձայնություն տվողները շատ ավելի լայն շրջանակ են ընդգրկելու, ովքեր էլ ՔՊ-ականներին պետք է երաշխիքներ տան։ Կան մի քանի ՔՊ-ականներ, ովքեր հանցագործներ են, իսկ կան մարդիկ, ովքեր ուղղակի անգետ են եղել։ Նրանց պետք է զատել Նիկոլ Փաշինյանից ու որոշ ՔՊ-ականներից։
Կարեն Քոչարյան.– Ես պատկերացնում եմ ՔՊ-ականների վիճակն այս օրերին, թե ինչ տեռոր է սկսվելու։ Այս խոսակցությամբ մենք այդ մարդկանց՝ ՔՊ-ականների համար բացեցինք դժոխքի դռները։ Փաշինյանի կողմից՝ էլ կոմպրոմատներ խաղացնել, էլ հեռախոսներ լսել, էլ SMS-ներ, էլ արտաքին դիտում․․․ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է նրանց դեմ։
Արմեն Մինասյան.- ՔՊ-ականներից յուրաքանչյուրն ունի ընտրություն՝ վախի, ճնշման ազդեցության տակ մնալու է սերունդների անեծքի տա՞կ, թե՞ այլ ճանապարհ է ընտրելու։ Մարդն իր մակարդակում պետք է մտածի սեփական անվտանգության մասին՝ հետնիկոլական աշխարհում ինչ է անելու։ Մարդկանց պետք է տալ անվտանգության երաշխիքներ։ Եթե մարդը հանցանք չի գործել, հանցավոր անփութություն չի գործել, միայն նիկոլական լինելու համար մարդուն չի կարելի պարսավել։
Կարեն Քոչարյան.– Ես Նիկոլ Փաշինյանին խորհուրդ կտամ ծանոթանալ Շամիրամի պատմությանը, եթե նա տղամարդկանցից վախենում է, կանանցից՝ ոչ։ Հիշեք՝ ինչ պատահեց, երբ Շամիրամին մեկ օրով իշխանություն տվեցին։
Արմեն Մինասյան.- Տևական ժամանակ է՝ որոշ քաղաքական շրջանակների կողմից փորձ է արվում արտաքին ուժերին ներգրավել երկրի քաղաքական կյանքում։
Մեր երկրում հասարակությունն ատում է միմյանց։ Երկրի ղեկավարն ու նրա կինը բաժանարար գծեր են մտցրել, ասում են՝ կերեք իրար։ Վարչապետն ու իր կինը քֆուրով են խոսում, ու ընտանիքներում չգիտեն՝ երեխեքի հետ հայհոյանքով խոսելը նորմա՞ է, դա՞ է նորաձևը։ Այս ատելության գերդոզավորման վերջը քաղաքացիական պատերազմն է։ Պետք է կանխել դա, չպետք է թույլ տալ, որ այս ատելությունը վերածվի քաղաքացիական պատերազմի:
Կարեն Քոչարյան.- Աննա Հակոբյանն այսօր զգում է հասարակության ատելությունն իր և իր ամուսնու նկատմամբ, բայց չէ՞ որ 7 տարի այդ ատելությունը միայն իրենք են գեներացրել, ու հիմա այդ ատելությունը շուռ է եկել իրենց դեմ։ Իրենք քանդել են ու քանդում են ամեն ինչ, բայց իրենք էլ են մնում փլատակների տակ։
Արմեն Մինասյան.- Ցավոք, ընդդիմության մեջ էլ կան բաժանարար գծերը խորացնողներ։ 2018թ.-ից մարդու մահվան վրա ուրախացողներ կային… Նադեժդա Սարգսյանի դեպքը հիշեք։ Հիշեք, որ 2008-ի մարտի 1-ից հետո 3 տարի շարունակ Սերժ Սարգսյանը բավականին նուրբ աշխատանքներ էր տանում հասարակության մեջ բաժանարար գծերը վերացնելու համար, ու հանուն արդարության՝ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես ջանք էր գործադրում այդ ուղղությամբ… այլ հարց է, թե ով էր դրան խոչընդոտում…
2018թ․-ից ամեն օր այս իշխանությունները մեր մեջ բաժանարար գծեր են մտցնում։
Ազգային համաձայնության կառավարությունը պետք է ձևակերպի խաղի կանոնները, որի հիման վրա կձևավորվի ապագայի կառավարությունը։ Որևէ արտոնություն փողով չպետք է վաճառվի։ Սա Հալեպի բազարը չէ, որ դիպլոմ վաճառես կամ արտոնություն սահմանես կոռուպցիոն սխեմայով։ Ես մարդ գիտեմ, ով 12 տարի տուգանք է կուտակել միլիոններով, թքած է ունեցել համակեցության կանոնների, օրենքների վրա, ու Նիկոլը դա ջրել է, որպեսզի այստեղ-այնտեղ դա պատմի…
Մանր կրճոններով մարդկանց ուրախացնում են։ Մարդիկ ուրախանում են, որ ասֆալտ է արվում, բայց ներողությո՛ւն, էդ փողերը որտեղի՞ց։ Մեր երկրում տարեկան 1 միլիարդի պարտք է ավելանում։ Դրանք կենսաթոշակային կուտակային ֆոնդերի մեր գումարներն են։
Թիվ մեկ սկզբունքային խնդիրն օրվա կառավարությանն իշխանազրկելն է, որպեսզի այս հասարակությունն ունենա ապագա։ Թիվ 2 խնդիրը գործիքակազմն է։ Եվ, այո՛, իմպիչմենտի գործընթացն ամենահարմար գործիքն է։ Խաղի կանոնները պետք է լինեն բոլորի համար ընդունելի։ Պրոցեսն այնքան ներառական պիտի լինի, որ 2026թ․ ընտրությունների հաջորդ օրը ոչ ոք չասի՝ ընտրությունները կեղծեցին։
Եվ այո՛, սա վարչապետի ընտրության մասին գործընթաց չէ, այլ Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու։ Քաղաքական դասը պետք է կարողանա իրար մեջ պայմանավորվել։ 30 տարվա մեջ մեր հասարակության ամենամեծ պրոբլեմը եղել են ընտրությունները։ Չի եղել ընտրություն, որի վրա չկասկածեն։ Ես Հայաստանի ընտրական համակարգի պես թափանցիկ համակարգ չգիտեմ։ Միայն քվեախցիկը հսկել չես կարողանում, մնացած ամեն ինչը հնարավոր է ստուգել, բայց էս ամեն ինչ անում-պրծնում են, վերջում ասում են՝ կեղծեցին։
Կարեն Քոչարյան. -Ես համաձայն չեմ։ Եթե մարգինալ ասվածը մի տոկոս է հավաքում ու ասում՝ կեղծել են, նրան ոչ ոք բանի տեղ չի դնելու։ Բայց 20% հավաքած ուժը չի կարող մարգինալ լինել։ Խնդիրն այստեղ վստահությունն ու անարդարության զգացումն է։
Պետք է պայմանավորվել կոնկրետ սկզբունքային հարցերի շուրջ ու ձեռք ձեռքի տալ։
Արմեն Մինասյան.– Կասկած չունեմ, որ եթե Նիկոլին հաջողվեց երանելի որևէ թուղթ ստորագրել Ադրբեջանի հետ, նա դրանով կգնա ընտրության ու կհաջողի։ Անպայման այդ կուտը որոշ մարդիկ կուտեն։ Այն ժողովուրդները, ովքեր փափագել են խաղաղություն, այսօր գոյություն չունեն։ Իսկ մեր հասարակությանը քարոզում են՝ ուտել, խմել, քնել։
Էդգար Ղազարյան.- Ինձ համար Դավիթ Համբարձումյանի թեկնածությունն անակնկալ էր, բայց ես ուրախ եմ։ Դավիթ Համբարձումյանն ունի Նիկոլ Փաշինյանին հաղթելու փորձառություն․ հաղթանակը մոտենում է Երևանի մատույցներին։ Երևանը շրջափակված է հաղթանակներով։ Եվ հիմա մեզ մնում է քաղաքական գրոհ կազմակերպել ԱԺ շենքում պատսպարված փոքրիկ խմբավորման վրա։ ԱԺ հայկական թաղամասը դա պետք է կազմակերպի։
Անկեղծ ասած՝ ակնկալում էի, որ կառաջադրեն Արմեն Աշոտյանի կամ Արթուր Վանեցյանի թեկնածությունը, և Դավիթ Համբարձումյանի անունը դեռ պետք է մարսել, բայց առաջին տպավորությամբ ընդունելի որոշում է։
Թեկնածուն ինքը չպետք է զբաղվի իր թեկնածությունն առաջ մղելով, ինչպես Էդմոն Մարուքյանն էր անում։ Առաջադրողները դա պետք է անեն։ Այնպես որ, կարող էր և Աշոտյանը լինել, բայց սա ևս խելամիտ որոշում է։
Արմեն Մինասյան.- Իմպիչմենտի գործընթացը քաղաքացիների ներգրավվածություն չի ենթադրում: Միգուցե պետք լինի, որ փողոցը օգնի, ուրախանա, վերածի Իմպիչմենտի փառատոնի, էական չէ, գուցե փողոցի մասնակցություն ենթադրվի, կամ ցանկալի է, որ լինի, որպեսզի պրոցեսը նաև ներառական լինի, բայց քաղաքական պրոցեսում որևէ բան երաշխավորել պետք չէ: Քաղաքական պրոցեսում պետք է նպատակ: Նպատակը հետևյալն է: Նիկոլ Փաշինյանի մեկ օր կառավարումը ևս մեկ օր պրոբլեմ է մեր երկրի համար, կորուստներ, որոնք անդառնալի կարող են լինել և գուցե վերականգնելու համար՝ անհնար: Խնդիրը Նիկոլ Փաշինյանից ձերբազատվելն է: Կստացվի-չի ստացվի, չգիտենք, բայց պետք է լծվենք այդ գործին:
Էդգար Ղազարյան.- Իմպիչմենտի պրոցեսը Նիկոլ Փաշինյանից կախված չէ: Նա նստելու է ու սպասի, որ իր վերաբերյալ որոշում կայացվի: Մարդկանց ներկայությունը կարևոր կլինի, որ իրենց ներկայությամբ սատար կանգնեն գաղափարին: Դա չի ենթադրում գրոհ շենքերի վրա, ագրեսիվություն, փողոց փակել: Ամեն տեսակի փառատոն եղել է, բացի իմպիչմենտի գաղափարից: Կարելի է կազմակերպել: Ի դեպ, անցյալ տարի ոչխարների խուզման փառատոն էլ չի եղել, դա էլ Իմպիչմենտի փառատոնից հետո կարելի է անել:
Արմեն Մինասյան.- Քաղաքականության մեջ կարևոր է նպատակը։ Այսօր նպատակն օր առաջ Նիկոլ Փաշինյանից ազատվելն է, ու պետք է գնալ այդ ճանապարհով։ Պետք է բոլորս պայքարենք: Երաշխավորված արդյունք լինում է միայն պայմանավորված խաղերում։ Պետք է պայքարել արդյունքի համար:
Կարեն Քոչարյան.- Եթե նույնիսկ չստացվի, չպետք է հուսահատվել, Չստացվեց՝ չստացվեց, պետք է շարունակել, պետք է անընդհատ պայքարել, գնալ այլ ճանապարհով, հաղթել…
Մանրամասները՝ տեսանյութում։