
Թուրքիային հնարավորություն կտրվի մուտք գործել եվրոպական անվտանգային համակարգ. Վարուժան Գեղամյան
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև եվրոպական միջավայրում Թուրքիայի օրեցօր աճող դերին ու դրա պատճառներին:
«Քանի որ այս պահի դրությամբ Ռուսաստանի, Իրանի և անգամ ԱՄՆ-ի միջև փոխհամաձայնություն կա՝ թույլ չտալ Սյունիքի նվաճումը, թուրքերը փորձում են դա անել աստիճանական քայլերով։ Իրենք հիմա դրա համար ստեղծում են իրավական հիմքեր, լուծում վերաբնակեցման հարցը, ռազմական հարցեր են լուծում ՝միլիմետրերով առաջ գալով։ Հենց լինի իրավիճակ, որ չլինի Իրանի աշխարհաքաղաքական հովանոցը Սյունիքի վրա, այն շատ արագ նվաճվելու է»,- ասաց նա։
Վերջինս նկատեց՝ պայմանավորված ռուս-ուկրաինական զարգացումներով՝ եվրոպական շատ երկրներ վերանայում են իրենց արտաքին քաղաքականությունը։
«Դա բերել է նրան, որ վերջին ամիսներին ակտիվ դիվանագիտական երկկողմ աշխատանք է տարվում Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի և Թուրքիայի միջև։ Հնարավորություն կա թույլ տալ Թուրքիային մտնել եվրոպական անվտանգային միջավայր։ Բայրաքթարներն Իտալիայի միջոցով մտնելու են եվրոպական շուկա։ Սրանք քաղաքական որոշումներ են։ Լինելու են նոր պրոթուրքական համաձայնություններ, աչք է փակվելու Թուրքիայում զարգացող ցանկացած ավտորիտար տենդենցի վրա։ Վառ օրինակ է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի օրինակը, ով 3 ամիս է՝ առանց մեղադրական վճռի՝ նստած է բանտում, ու որևէ արձագանք դրսից չկա։ Եվրոպան, իր շահերից ելնելով, աչք է փակելու Թուրքիայի հակաօրինական գործողությունների վրա»,- ասաց Վարուժան Գեղամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: