Ո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը տեսնում՝ որպես սոցապ նախարարի հավանական փոխարինող

Սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանի անունը, ըստ ԶԼՄ հրապարակումների, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին փոխարինողների թվում ամենահավանականն է:

Այս համատեքստում, թերևս, պատահական չէր որպես «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության արտաքին կապերի պատասխանատու՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի մասնակցությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին:

«Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու՝ պատիվ ունեցա մասնակցելու ԱՄՆ խոշորագույն NewsMax Media ընկերության հրավերով Անդրյու Մելլոն կառավարական սրահում նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին։

Միջոցառման ընթացքում ջերմ շփման լավ հնարավորություն ունեցա ԱՄՆ առաջիկա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, նախագահ Թրամփի երկարամյա ընկերներ Քրիստոֆեր Ռուդիի, Պատրիկ Օրլանդոյի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու միջազգային հյուրերի հետ»,- գրել էր նա:

Կարդացեք նաև

Եվ մինչ դեռ Լիլիթ Մակունցը պաշտոնավարում է, բայց նրա հեռացումն անխուսափելի է, իսկ Նարեկը Մկրտչյանի նշանակումը՝ հավանական, Նիկոլ Փաշինյանն արդեն Վեհափառի ու եկեղեցու դեմ կատաղի հարձակումների ընդմիջումներին զբաղված է սոցապ նախարարի փնտրտուքով:

168.amտեղեկություններով՝ Նարեկ Մկրտչյանին ամենայն հավանականությամբ կփոխարինի Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքում քաղաքապետ չդարձած, ՔՊ ցուցակի առաջին համար Սարիկ Մինասյանը:

Եվ թեև, ըստ Գյումրիում տարածված խոսակցությունների, Սարիկ Մինասյանն այնքան էլ հակված չէ նախարար դառնալ և ուզում է, այնուամենայնիվ, ներկուլիսային խաղերի արդյունքում ստանալ Գյումրու քաղաքապետի աթոռը, այս պահին որպես սոցապ նախարարի թեկնածու՝ հենց նրա անունն է շրջանառվում՝ հավանաբար նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ նա այս ոլորտում փորձ ունի. գլխավորել է Միասնական ցոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնը:

Ի դեպ, երբ ՔՊ-ն Գյումրիում քաղաքային իշխանության կոլապս ստեղծեց, ու դրա արդյունքում Սարիկ Մինասյանը մի քանի ամիս զբաղեցրեց Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի աթոռը, նա գլխավոր քարտուղար էր նշանակել Սերգեյ Իսրայելյանին, ում հիմա, ըստ լուրերի, ցանկանում են նշանակել Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի, որն ավելի շատ հայտնի է որպես Գյումրու տուն-ինտերնատ, տնօրեն, իսկ Սարիկ Մինասյանի մտերիմ ընկեր Վահե Փահլևանյանը կդառնա նույն կենտրոնի փոխտնօրեն:

Հատկանշական է, որ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի՝ արդեն նախկին ղեկավար Գինուշ Զատիկյանը հեռացվեց պաշտոնից՝ Գյումրու քաղաքապետի ընտրություններում իբր անկողմնակալ և չեզոք չլինելու, Մարտուն Գրիգորյանի դաշինքի օգտին քվեարկել ուղղորդելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »