ԳԱՂՏՆԻ, ՍՏՎԵՐԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ԻՆՉՊԵՍ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆ՝ ԱՌԱՆՑ ՆՐԱ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ. ԴԱՍԵՐ #19

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն ու հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն են։

Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել, և այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։ Այս մասին օրեր առաջ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Հայաստանը Եվրոպական միությանն անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը վերջերս՝ մարտի 26-ին,ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:

Կարդացեք նաև

Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Էդգար Ղազարյան.-Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն էր, որը Եվրամիության հետ ուներ նման բնույթի փաստաթուղթ։ Խոսքը 2017թ․ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված CEPA-ի համաձայնագրի մասին է։ Սրանք այն իրականացնելու համար մի քայլ չեն արել։ Նախկին իշխանությունների օրոք նախաձեռնված եվրոպական բոլոր ծրագրերն այս իշխանությունները ձախողել են, փակվել են:

2025թ. Կրթության նախարարությունը որոշեց հունվարի 1-ից դադարեցնել «Էրազմուս+» կրթական ծրագրի ազգային գրասենյակի գործունեությունը:

«Էրազմուս+»-ը (Erasmus+) ուսանողների փոխանակման ծրագիր էր Եվրամիության ֆինանսավորմամբ: Այս ծրագրի շնորհիվ ուսանողները կարողանում էին եվրոպական համալսարաններում կրթությունը շարունակել կամ վերապատրաստվել:

Հիշեցնենք, որ Erasmus+-ը Եվրոպական միության դրամաշնորհային ծրագիր էր, որն իրականացնում էր ծրագրեր կրթության, թրեյնինգների, երիտասարդության և սպորտի ոլորտներում։

Փաշինյանի կառավարության ապաշնորհության պատճառով Հայաստանը 2022թ․ հունվարի 1-ից չի օգտվում ԵՄ երկրներ արտահանումների համար «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից:

Հիշեցնենք, որ ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+) մաքսային արտոնությունների համակարգ է, որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6.200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: Նախկին իշխանությունների գործունեության շնորհիվ 2009թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունն օգտվում էր կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+):

ԵՄ երկրի վիզա ստանալու համար այսօր մարդիկ ամիսներով սպասում են, բոլոր ուղղություններով ռեգրես է, ու սրանք օրենք են բերում, թե՝ ուզում ենք անդամակցել ԵՄ-ին։

Արթուր Խաչիկյան.-Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն օրեր առաջ էր հայտարարել՝ թույլ չեն տալու, որ Ուկրաինան անդամակցի ԵՄ-ին։ Իսկ մեր՝ Հայաստանի մասին խոսք անգամ չկա։ Եվրաքվեի օրենք կոչվածը («Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը), որն ընդունեց այս կառավարությունը և Ազգային ժողովում՝ ՔՊ-ն, խեղկատակություն է, կլոունադա, որը մեր ժողովրդի աչքերին թոզ փչելու համար է։

Հայաստան եկավ Լավրովը, և ամեն ինչ փոխվեց։ Եթե հետ էիք կանգնելու, էլ ինչո՞ւ էիք սկսում։

Պարզվեց՝ մեր «թավշյա դեմոկրատիան» որևէ մեկին պետք չէր։ Բաքուն ավելի պետք է նրանց։

Փաշինյանը Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին այնպիսի դեմքով էր նստել, ասես այնտեղ նստելու համար փող էին տվել նրան։ Հետո գնում է Տիրանա, Ալիևին ու Էրդողանին նենց ջերմ է վերաբերվում, ասես կորած հարազատներին էր տեսել։

Երբևէ հնարավոր չէր անգամ պատկերացնել, որ աշխարհի որևէ երկրի 1-ին ալիքում կարող էին ֆաշիզմ պաշտպանել, ինչըկատարվեց Արծրուն Հովհաննիսյանի կողմից մեր Հանրային հեռուստաալիքում։ Մենք խայտառակվեցինք ողջ աշխարհում։ 300 000 զոհ ենք տվել, 4 մարշալ… ու նման բան ասել։ Հետաքրքիր է, եթե ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի վերահուղարկավորման արարողությանը 2024 թվականին Փարիզում,Մակրոնի կողքին կանգնած՝ հանկարծ նման բան ասեր Նիկոլ Փաշինյանը, քանի՞ րոպեում նրան կհասցնեին օդանավակայան…

Ալիևին քարտ տվեցիք, որ նրանք էլ ասեն՝ տեսա՞ք, հայերը ֆաշիստ են, պաշտպանում են ֆաշիզմը։

Հիշեցնենք, օրեր առաջ Արծրուն Հովհաննիսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ «Գերմանիան ուներ հստակ մշակված ծրագիր՝ Գերտրուդա օպերացիա», որը ենթադրում էր գերմանական զորքերի Թուրքիա ներխուժում ու, «նաև միացյալ Հայաստանի, պատմական Հայաստանի ստեղծում»:

Էդգար Ղազարյան.- Դրսից հասարակական կազմակերպություններից շատերը, որոշ փորձագետներ, որոշ մեդիաներ փող են ստանում, որ մեր երկրում խրախուսեն բռնապետությունը, սահմանափակումները, հակառուսական քարոզը։

Արթուր Խաչիկյան.-Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանի քաղհասարակությունը USAID-ից 5.5 անգամ ավելի շատ գումար է ստացել, քան նախկին 27 տարիներին։

338 լրագրող Հայաստանից, 63 մեդիահարթակներ 17.3 միլիոն դոլար են ստացել մի տարում։ Ստացվում է՝ մեզ մոտ կա գաղտնի, ստվերային պետություն։

Էդգար Ղազարյան.- Միակ կազմակերպությունը, որն իր ստացած գրանտների մասին տեղեկությունէ հրապարակել՝ Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորումն է»։ Այստեղ էլ հետաքրքիր տվյալ կա․ վերջին տարիներին նրա դոնորները նույնն են, ստաբիլ գումար են տալիս։ Հայկական դոնոր չկա։

ՀՀ Սահմանադրական դատարանը ֆինանսավորում ունի Հոլանդիայի կառավարությունից, մինչդեռ օրենքով արգելվում է, բացի բյուջեից, ՍԴ-ի համար այլ ֆինանսավորում ունենալ։ Անգամ կառավարությունն իրավունք չունի լրացուցիչ ֆինանսավորում տալ։

Արթուր Սաքունցի կայքում կան իրեն փող տված կազմակերպությունների լոգոները, բայց չկար գրած, թե իր Վանաձորյան կազմակերպությանն ով՝ ինչքան փող է տվել։

Արթուր Խաչիկյան.-Հենց հիմա՝ մեր աչքի առաջ, Գազայում 12 000 երեխա մեռնում է սովից, որովհետև ԱՄՆ-ը ու Իսրայելը շրջափակել են Գազան։ Բայց որևէ հասարակական կազմակերպություն դրա մասին չի խոսում, որովհետև հենց խոսեն, փողը կկտրեն։ Տեսաք՝ Հարվարդից հեռացրեցին բոլոր արտասահմանցի ուսանողներին, ովքեր համարձակվել էին քննադատել Իսրայելին։

Իլհամ Ալիևը կոռումպացված, բռնապետ չէ՞, չե՞ն տեսնում աշխարհաքաղաքական դերակատարները, միջազգային կազմակերպությունները: Ստացվում է՝ եթե դուք նավթ ու գազ ունեք, շատ փող ունեք, ուրեմն դուք բռնապետ չեք։

Օրեր առաջ մի հարցազրույցում հակառուսական հայացքներով քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը հայտարարեց.

«Եթե Թրամփին հաջողվի համաձայնության հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև, ապա այս դեպքում Հայաստանի հնարավորություններն ակնհայտորեն կփոքրանան, որովհետև այս դեպքում, իհարկե, համաձայնությունը չի սահմանափակվի միայն Ռուսաստանով և Ուկրաինայով և այդ համաձայնության մեջ կընդգրկվեն բազմաթիվ մեծ կտորներ, որոնցից մեկը մեր տարածաշրջանն է: Սա կնշանակի, որ Հայաստանը ստիպված է լինելու կանգնել փաստի առջև: Հայաստանին ասելու են, որ՝ համաձայնության ձեր մասը այսպիսին է, և Հայաստանն այդ «այսպիսին է»-ի մեջ պիտի փորձի մանևրել: Թե ինչքան մանևրելու հնարավորություն կլինի, ես հուսով եմ, որ դրան չենք հասնի, բայց այդ մանևրելու հնարավորությունը շատ փոքր կլինի, և Հայաստանը փաստացի կմնա մենակ այս հիբրիդային գործընթացների դիմաց: Եթե չլինի այդ համաձայնությունը, և ես նշեմ, որ Հայաստանի համար այս դեպքում ինչքան էլ առաջին հայացքից կարող է նոնսենս թվալ, բայց այս դեպքում Հայաստանի համար ավելի լավ է, որպեսզի ռուս-ուկրաինական հակամարտությունը դեռևս գոնե այս պահին անմիջապես չդադարի, մի որոշ ժամանակ ևս շարունակվի: Եթե իրավիճակն այդպիսին է, ապա Հայաստանը դեռևս մանևրելու շատ ավելի մեծ դաշտ և հնարավորություններ ունի, նաև ներգրավելու նոր դաշնակիցներ և այդ նոր դաշնակիցների միջոցով հիբրիդային հարվածներին դիմադրել:

Առաջին հերթին դա ԵՄ-ն է, ԵՄ առանձին երկրներ են, նաև այլ երկրներ այդ հատվածներից. Հնդկաստանի մասին չպետք է մոռանանք, Իրանի մասին չպետք է մոռանանք, անկախ նրանից՝ ինչպիսի զարգացումներ են Իրանի շուրջ, և այլն»:

Էդգար Ղազարյան.-  Ցանկացած պատերազմ ողբերգություն է։ Եվ նստել, մտածել, որ որևէ երկրում որևէ պատերազմ կարող է լինել որևէ մեկի համար շահավետ, որևէ տեսանկյունից բացատրություն չունի։ Ի՞նչ է նշանակում ասել՝ մեզ ձեռք չի տալիս, որ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի։ Մենք երկու երկրներում էլ ունենք մեծաթիվ հայ համայնքներ։ Ու հիմա նստել, մտածել՝ մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև պատերազմը շահեկան է… դա ընդամենը գումարի դիմաց ձեռքերն այդ ողբերգության վրա տաքացնել է նշանակում»։ Մեզ համար շահեկան է, որ մեկ օր շուտ պատերազմն ավարտվի։

44-օրյա պատերազմը Ղարաբաղի խնդիրը չի լուծել։ Ընդհակառակը, նոր խնդիր է առաջացել։ Այս 150 000 մարդու էթնիկ զտման հարցը մի օր օրակարգ է գալու։

Հիշեցնենք՝ Ալիևը Հայաստանից պահանջում է պայմաններ ստեղծել «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար: Նա նամակ է հղել միջազգային հանրությանն ու անդրադարձել է, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին:

Նա կրկին անդրադարձել է ՀՀ Սահմանադրությանը, որն, ըստ նրա, տարածքային պահանջներ է պարունակում հարևանների նկատմամբ, խոսել է նաև, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի իրավունքի ժխտման մասին, ինչը խոչընդոտ է «խաղաղության ճանապարհին»:

Ալիևը ՀՀ իշխանությունից պահանջել է հստակ դիրքորոշում հայտնել, թե ինչ պայմաններում արևմտյան ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ «իրենց պատմական հայրենիք»: «Կցանկանայի ընդգծել, որ արևմտյան ադրբեջանցիների վերադառնալու ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանը պետք է զերծ մնա ցանկությունը նման ձևաչափով ներկայացնելու փորձերից»,-ասել է Ալիևը:

Արթուր Խաչիկյան.- Մեր ողբերգությունը նախ՝ մեր սեփական հիմարության, ապա՝ Հարավային Կովկասում Ռուսաստան-Արևմուտք բախման արդյունքն էր։ Ռուս-ուկրաինական պատերազմը մեր տունը քանդեց։

Սկզբում ադրբեջանցիները կգան այստեղ, հետո կասեն՝ չեք կարողանում պաշտպանել նրանց, մենք պետք է գանք, հետո ֆրակցիա կունենան Պառլամենտում, հետո ներսից կգրավեն մեր երկիրը։

Էդգար Ղազարյան.-Ալիևը որևէ թուղթ չի ստորագրելու, եթե Սահմանադրությունը չփոխվի։

Ալիևն ու Փաշինյանը չեն բանակցում: Եթե չեն շփվել իրար հետ, ի՞նչ բանակցություն։ Էլեկտրոնային բանակցությունը ո՞րն է։ Սրանք ուղարկում են, ադրբեջանցիները Հայաստանի բոլոր առաջարկները ջնջում են, հետ են ուղարկում, ստացվում է միայն ադրբեջանական պահանջներով փաստաթուղթ, բայց դա էլ չեն ստորագրում։

Աշխարհի բոլոր իրավաբանները գիտեն, որ վավեր են այն միջազգային պայմանագրերը, որոնք չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը։ Հիմա մեր արդարադատության նախարարն ասում է՝ մենք պիտի մշակենք մի սահմանադրության տեքստ, որը չի հակասի մեր թշնամի պետության շահերին։ Սա ես չգիտեմ՝ ինչ ժանրից է։

Արթուր Խաչիկյան.- Եթե դուք ընդունում եք, որ ուրիշի ճնշման տակ փոխում եք ձեր Սահմանադրությունը, ուրեմն կամ դուք կապիտուլացվել եք, կամ գաղութ եք։

Էդգար Ղազարյան.- Հայաստանը որպես սպառնալիք՝ իրենց փաստաթղթերում նշված է միայն Թուրքիայում և Ադրբեջանում։ Եթե Անկախության հռչակագիրը հանեն, 3–րդ Հանրապետություն չի լինելու, ու հայտնի չէ՝ կստեղծվի՞ 4-րդը, թե՞ ոչ։ Եվ միայն Իրանին ու Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Հայաստանը չլինի։

Հիշեցնենք, օրերս ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական հակամարտության վտանգ է տեսնում և ակտիվ ներգրավված է կանխելու ռազմական բախումը:

Արթուր Խաչիկյան.-Ռուբիոն վաղուց է ասել, որ Ադրբեջանի հարձակման ռիսկ կա։ Բայց մեր արևմտյան քարոզիչները հավատում են, որ չկա նման բան։

Էդգար Ղազարյան.-ԱՄՆ պետքարտուղարն էս երկրագնդի ամենաառանցքային պաշտոնյաներից մեկն է։ Նա ոչ միայն պետքարտուղար է, այլև նախագահի՝ անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատարը։ Այսինքն՝ նրա իրազեկվածության մակարդակը մամուլից չէ, այլ նաև տիեզերքից ստացվող հետախուզական տվյալներից։ Ու այդ մարդը վտանգի առկայության մասին ասել է ոչ թե ընկերների հետ զրույցում, այլ Սենատի առաջ։ Այսինքն՝ նա ասում է, որ վտանգ կա, բայց չի ասում՝ ոնց է պետք դա կանխել։

Ջերմուկի հարձակման ժամանակ ՀԱՊԿ նախագահող երկիրը Հայաստանն էր։ Առաջին անգամ պատմության մեջ Հայաստանն օգնություն է խնդրում ՀԱՊԿ-ից։ Նիկոլ Փաշինյանը նիստ է անում, հետո ԱԺ-ում ասում, որ շատ գոհ է նիստի արդյունքներից։ Հաջորդ օրը Հայաստան է ժամանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ՍտանիսլավԶասը, ու նրան ոչ ոք չի ընդունում։ Դրանից հետո Եռաբլուրում ջարդում է ծնողներին, ապա մեկնում Նյու Յորք, հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է անում։ Հետո Զասը էլի է գալիս, առաջարկներ է ներկայացնում, չեն ընդունում։ Բոլոր երկրները կողմ են քվեարկում Հայաստանին օգնելու համար, բացի մի երկրից՝ Հայաստանից։ Ասում է՝ թող ՀԱՊԿ-ը ասի՝ որն է մեր երկրի սահմանները։

2024թ․ ռուսական բոլոր զորքերը դուրս են բերվել Սյունիքի և Տավուշի մարզերից։

Արթուր Խաչիկյան.-Մի ամիս կամ 60 օր հետո մեր ռեգիոնը կարող է պարտվել, իսկ Ուկրաինայի պատերազմն առաջիկայում չի ավարտվելու։ Մեր բեսեդկագետները չեն հասկանում՝ եթե այստեղ պատերազմ սկսվեց, մեզ ոչ ոք չի օգնելու, ու թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ մնալու ենք մենակ։ Մարդիկ այս իրավիճակում ընդդիմությունից գործողություն են սպասում։ Իմպիչմենտի գործընթացը դժվար է լինելու, բայց որևէ ձեռքբերում հեշտ չի լինելու։ Ցանկացած ձևով պետք է դա անել։

Էդգար Ղազարյան.-Իմպիչմենտի մասին:Այո՛, հեշտ չի լինելու ՔՊ-ի պատգամավորներին դարձնել պատգամավոր, հանել ՔՊ-ի Վոթսափի խմբից, օգնել, որ նրանք ինքնուրույն գործողություններ անեն։

Ընդդիմադիր ուժերն էլ պետք է իրենց տարաձայնությունները դնեն մի կողմ ու մտածեն՝ 2026թ. ընտրություններին ավելի բարդ է լինելու։

Ասում են՝ անլուրջ թեմա է։ Բա որ իմպիչմենտի թեման անլուրջ է, ինչի՞ եք առավոտից իրիկուն դրա մասին խոսում։ Ի դեպ, սա միակ օրակարգն է, որի տերը Նիկոլ Փաշինյանը չէ։

Ես շնորհակալ եմ Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին՝ Էդմոն Մարուքյանին առաջադրելու համար՝ դրա բացասական կողմեր ցույց տալու ու հասկանալու համար՝ վտանգը որ կողմից է գալիս։

Ես գիտեմ, որ ընդդիմության մեջ հիմա քննարկումներ են տեղի ունենում վարչապետի թեկնածու առաջադրելու համար։ Սա սրի նման կախված է լինելու Նիկոլ Փաշինյանի գլխին, և հնարավոր է՝ աշնանը մենք ունենանք նոր վարչապետ, որի անուննայլևս չի լինի Նիկոլ Փաշինյան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »