
ՊՆ-ն տեղափոխել Սյունիք, Ֆիննախը՝ Արագածոտն. Սերգեյ Բագրատյանը բեռնաթափում է Երևանը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին առաջարկեց Երևանը բեռնաթափելու իր տարբերակը, այն է՝ նախարարությունները տանել դեպի մարզեր։
«Այս դժվարին ժամանակներում Երևանը բեռնաթափելու ծրագիր եմ առաջարկում։ Կարծում եմ՝ առաջնահերթ է նախարարությունների տեղաբաշխումը ՀՀ տարածքով, մասնավորապես առաջիկայում՝ մինչև տարվա վերջ, Երևանի մերձակա շրջաններ տեղափոխել նախարարությունները: Օրրինակ՝ ՏԿԵ նախարարությունը կարելի է տանել Կոտայք՝ աշխուժացնել այնտեղ տնտեսական որոշակի գործառույթներ։ Ֆինանսների նախարարությունը կարելի է տանել Արագածոտն, այն շատ մոտ է Երևանին։ Լավ կլինի, որ Պաշտպանության նախարարությունն իր ողջ կազմով տեղափոխվի Սյունիք»,- նշեց Սերգեյ Բագրատյանը։
Ինչ վերաբերում է Շրջակա միջավայրի նախարարությանը, Սերգեյ Բագրատյանն ասաց, որ այն կարող են տեղափոխել Գեղարքունիքի մարզ, որովհետև ՀՀ-ում թիվ մեկ խնդիրը Սևանա լիճն է, ուստի լճի շրջակայքում պետք է տեղաբաշխել նախարարությունը։ Իսկ ԿԳՄՍ նախարարությունն էլ առաջարկում է տեղափոխել Շիրակի մարզ, Գյումրի քաղաք կամ այլ քաղաք։ Էկոնոմիկայի նախարարությունն էլ տանել Արմավիրի մարզ, Սոցապ նախարարությունը՝ Տավուշի մարզ։
Այս համատեքստում նա անդրադարձավ նաև առևտրի կենտրոններին՝ շեշտելով, որ դրանք ևս պետք է տեղափոխել քաղաքից դուրս։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում