
Եղածն էլ են «վարի տվել»

Հայաստանի տնտեսության վրա մութ ամպեր են կուտակվել։ Խոր անկման մեջ է հատկապես արդյունաբերությունը։ Բազմաթիվ ոլորտներում արտադրության ծավալները կտրուկ նվազել են։ Գահավիժել են հատկապես ոսկու արտադրության հետ կապված ճյուղերը, որոնք մի պահ դարձել էին արդյունաբերության ու ընդհանրապես տնտեսության աճի հիմքը։
Անցած տարի, երբ ռուսական ոսկին Հայաստանով բերում-տանում էին այլ երկրներ ու դրա վրա որոշ մարդիկ, այդ թվում՝ հայտնի ՔՊ-ական օլիգարխներից մեկը, գերշահույթներ էին ստանում, ասում էին՝ ոսկերչական արտադրատեսակների արտադրության աճը տարօրինակ չէ, որովհետև Հայաստանում լուրջ արտադրական հզորություններ են ստեղծվել, դրանով է պայմանավորված, որ ոսկու արտադրությունն ավելացել է։
«Լուրջ արտադրական հզորություններ են ստեղծվել Հայաստանում, մոտավորապես մինչև 30 միլիոն դոլարի սարքավորումներ են ձեռք բերվել, որը պետք է գեներացիա ապահովի։
Այնպես ստացվեց, որ 2022 թվականից հետո դժվարություններ առաջացան ՌԴ-ում, և ինչ-որ պահի սկսեցին ոսկին ավելի լավ գներով առաջարկել: Գործարանը սկսել է ավելի լավ աշխատել, սկսել է նոր շուկաներ մտնել, նոր շուկաներում սկսել է կայուն տեղ գրավել։
Դրա շնորհիվ իր արտադրական հզորությունները մեծացրել է, հարյուրավոր միլիոնների շրջանառություն է ունեցել, հազարավոր ընտանիքներ ապրել են դրանով, աշխատավարձ են ստացել, ավելի որակով են սկսել արտադրել, դարձել են ավելի մրցունակ կառույց: Դա նշանակում է, որ ինքն ապագայում նույնպես կարող է տարբեր շուկաներում իր տեղն ունենալ: Պետք է գնան, խոնարհվեն արտադրողի առջև»,- ասում էր Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, որի հետ ուղղակիորեն կապվում էին ոսկու վերաարտահանումները։
ՔՊ-ական պատգամավորներից մեկն էլ հայտարարում էր, թե ոսկերչական արտադրատեսակների աճը տարօրինակ չէ, որովհետև ստեղծվել է տնտեսական հնարավորություն, և Հայաստանում էականորեն աճել է ոսկյա զարդերի արտադրությունն ու արտահանումը: Ասում էր՝ ես ինքս եղել եմ այդ արտադրությունում, ծանոթացել եմ կատարված ներդրումներին, տեսել եմ՝ ինչով են զբաղվում, և կարող եմ ասել՝ այդտեղ ոչ թե թվանկարչության հետ գործ ունենք, այլ ռեալ արտադրության։
Թե ոսկու ինչպիսի «լուրջ» արտադրական հզորություններ էին ստեղծել Հայաստանում, երևում է այս տարվա ցուցանիշներում։ Եղածն էլ «վարի են տվել»։
Ոսկերչական արտադրատեսակների արտադրությունն այս տարի կտրուկ կրճատվել է։ Սա չի վերաբերում, այսպես կոչված, անմշակ կամ կիսամշակ ոսկուն, ոսկու փոշուն, որը վերաարտահանվում էր հիմնային մետաղների անվան տակ։
Խոսքը բացառապես ոսկերչական արտադրատեսակների արտադրության մասին է։ Մշակող արդյունաբերության այդ ճյուղի արտադրության ծավալներն էապես կրճատվել են ոչ միայն անցած, այլև նախորդ տարիների նկատմամբ, երբ Հայաստանը դեռևս չէր հայտնվել ոսկու վերաարտահանումների հայտնի թրենդների մեջ։
Այս տարի Հայաստանում անհամեմատ ավելի քիչ ոսկերչական արտադրանք է արտադրվել, քան արտադրվել էր 2023թ., 2022թ., նույնիսկ 2020թ., երբ չկային ռուսական ոսկու վերաարտահանումները, ու ամեն ինչ իր բնականոն հունով գնում էր։
Ոսկերչական արտադրանքի արտադրության ծավալները նախորդ տարվա համեմատ կրճատվել են 3.2 անգամով։
Այս տարվա առաջին եռամսյակում արտադրվել է՝ ընդամենը 4.8 մլրդ դրամի, անցած տարի նույն ժամանակահատվածում՝ 15.4 մլրդ դրամի ոսկերչական ապրանք։
Հայաստանում ավելի քիչ ոսկերչական ապրանք է արտադրվել, քան նույնիսկ 2020թ.։ Հինգ տարվա համեմատ՝ արտադրության ծավալները կրճատվել են 4.7 անգամով։
2020թ. առաջին 3 ամիսներին 22.7 մլրդ դրամի ոսկերչական արտադրատեսակներ էին արտադրվել։
Ընդամենը մեկ ամսում ավելի շատ ոսկերչական արտադրատեսակներ էին արտադրվել , քան այս տարվա առաջին 3 ամիսներին միասին։
Ոսկերչական իրերի արտահանումը Հայաստանից այս տարի կազմել է ընդամենը 69 մլն դոլար։ Անցած տարի 432 մլն դոլար էր՝ 6.3 անգամով ավելի շատ, քան այս տարի։ Սրա մեջ անմշակ, կիսամշակ ոսկին կամ ոսկու փոշին չի մտնում, որը ևս ռուսական ոսկու վերաարտահանումների սառեցման հետևանքով մեծապես կրճատվել է։ Անցած տարվա առաջին 3 ամիսներին Հայաստանից արտահանվել էր 2.5 մլրդ դոլարի անմշակ, կիսամշակ ոսկի կամ ոսկու փոշի։ Այս տարի էլ այդպիսի ոսկու որոշակի քանակություն արտահանվել է, բայց շատ ավելի քիչ՝ 401 մլն դոլարի չափով։
Անմշակ, կիսամշակ ոսկու կամ ոսկու փոշու արտահանումը կրճատվել է 6.3 անգամով։ Այնքան, ինչքան ոսկերչական իրերի արտահանումը։
Ոսկու ներմուծումն էլ է նվազել։ Անցած տարվա առաջին երեք ամիսներին անցնում էր 2.7 մլրդ դոլարից, այս տարի կազմել է ընդամենը 374 միլիոն՝ 7.4 անգամով պակաս։
Եթե անմշակ ոսկու ներմուծում-արտահանումների կամ վերաարտահանումների կրճատումներն ուղիղ կապ ունեն արտաքին նպաստավոր գործոնի թուլացման հետ, նույնը չենք կարող ասել Հայաստանում արտադրվող ոսկերչական արտադրատեսակների ու ոսկյա իրերի արտահանման կտրուկ անկումների մասին։ Հարց է առաջանում՝ ո՞ւր մնացին ձեր ստեղծած «լուրջ» արտադրական հզորությունները։
Տարօրինակ է, որ հիմնային մետաղների արտադրությունն էլ է անգամներով կրճատվել։
Հիշեցնենք, որ ոսկու արտադրության նախորդ տարվա բարձր աճերը տարվա կեսերից տեղափոխեցին հիմնային մետաղների վրա։ Եթե համարենք, որ այդ հզորությունները հիմա հիմնային մետաղների արտադրության մեջ են աշխատում, ո՞ւր է դրանց արտադրանքը։ Հիմնային մետաղների արտադրության ծավալներն էլ այս տարի կրճատվել են գրեթե 5 անգամով։
Բայց թող տպավորություն չստեղծվի, թե արդյունաբերության մեջ արձանագրվող անկումները միայն ոսկերչական արտադրատեսակների ու հիմնային մետաղների արտադրությունների կրճատումներով են պայմանավորված։ Խմիչքների արտադրությունն է 15.5 տոկոսով նվազել, հագուստի արտադրությունը՝ 16.3 տոկոսով, կաշվե արտադրատեսակների արտադրությունը՝ 24 տոկոսով, կահույքի արտադրությունը՝ 10.5 տոկոսով, թղթե արտադրատեսակների արտադրությունը՝ 7.1 տոկոսով, և այլն։
Այս բոլոր արտադրատեսակների կրճատման հետևանք է, որ տարվա առաջին 3 ամիսներին մշակող արդյունաբերության մեջ, ինչը հանդիսանում է արդյունաբերության ամենամեծ և տնտեսության ամենաառանցքային հատվածը, 26 տոկոսով անկում է արձանագրվել։ Այնպիսի խոր անկում, որն աննախադեպ է անհիշելի ժամանակներից սկսած։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ