Ես վախենում եմ պատկերացնել, թե դրսում՝ ծանր բանակցությունների ժամանակ, ՀՀ անունից հանդես եկող անձն ինչ վարքագիծ է դրսևորում․ Նինա Կարապետյանց

Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայ Առաքելական եկեղեցուն թիրախավորելու «թավշյա» ավանդույթները․ նա վաղ առավոտից աղմկահարույց գրառումներ է կատարում ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Այդ հարցում, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մենակ չէ․ նրան օգնության են հասել Աննա Հակոբյանն ու իշխանական սազանդարները, որոնք իրենց քաղաքական հոր ցանկացած գրառում հաստատում են աջակցող գրառումներով։

Ընդդեմ եկեղեցու այս ալիքն առաջ է բերել հանրային ու քաղաքական տարբեր շրջանակների սուր քննադատությունը։ Մեծ թվով օգտատերեր հենց ֆեյսբուքյան գրառման տակ Նիկոլ Փաշինյանին հորդորել են հրաժարական տալ։

«Ամոթալի է, որ հասել ենք մի իրավիճակի, երբ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն իրեն թույլ է տալիս խոսել այնպիսի բառամթերքով, գեներացնել այնպիսի գաղափարներ, որոնց համար դատապարտում էր և քրեական գործեր էր հարուցում տարբեր մարդկանց նկատմամբ, այդ թվում՝ ՀՀ սահմաններից դուրս գտնվող բլոգերների,- 168am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին փաշինյանիզմներին՝ նշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ մանրամասնելով,- Միջպետական օրենսդրություն է կիրառել, ջանք է թափել, որ չեզոքացնի մարդուն, որը նույն բառապաշարն էր գործածում՝ ուղղակի իրենց հասցեին։

Այսօր մենք ցավալիորեն ունենք իրավիճակ, երբ իշխանությունն իրեն բացարձակ հաշիվ չի տալիս, թե ինչ կարգավիճակ, գործառույթներ, իրավունքներ ու պարտականություններ ունի։ Մենք հայտնվել ենք սարսափելի ծանր վիճակում․ ես վախենում եմ պատկերացնել, թե դրսում՝ ծանր բանակցությունների ժամանակ, ՀՀ անունից հանդես եկող անձն ինչ վարքագիծ է դրսևորում»։

Կարդացեք նաև

Հարցին՝ պե՞տք է հաջորդիվ սպասել, որ իշխանության թիմում կլինեն հրաժարականի պահանջներ, կամ այս իրավիճակին կհաջորդեն հրաժարականներ, իրավապաշտպանը պատասխանեց՝ վստահեցմամբ, որ թիմի ներսում որևէ մեկը հրաժարականի պահանջ չի ներկայացնելու։

«Ինչպես որ ժամանակին իրենց աշխատասենյակների պատուհանից Սերժ Սարգսյանի նկարները դուրս նետող մարդկանց պարտադրեցին կաբինետում Նիկոլ Փաշինյանի նկարը կախել, նույն տրամաբանությամբ նրանք պարտավորեցված են լինելու խոսել, գրառումներ անել, ելույթներ ունենալ՝ արդարացնելով այս խոսույթը։

Այստեղ իրենք, թերևս, շատ կափսոսեն, որ Հովիկ Աղազարյանին, Հակոբ Ասլանյանին իրենց թիմից հանեցին, որովհետև նրանք ամենամեծ ջատագովներից էին լինելու այդ գրառումներն արդարացնելու հարցում։

Ես սպասում եմ նաև, այսպես կոչված, այն խմբին, որն իրեն անվանում է «քաղհասարակության ներկայացուցիչներ», որոնք այս իշխանությունների պրոպագանդիստի դերն են ստանձնել, և որոնց հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը հարվածի տակ է դրել, որովհետև սա արդարացնել հնարավոր չի ուղղակի, իսկ իրենք դատապարտելու հնարավորություն չունեն, քանի որ դասական պրոպագանդիստներ են։ Այ, թող տեսնեն, թե ինչպես է վարվում Նիկոլ Փաշինյանը բոլորի հետ, ու հետևություններ անեն՝ արժե՞ մնալ էդ մարդու թիմում, սատարել, աջակցել՝ հետագայում վերարտադրման փորձ ունենա՞, թե՞ չարժե։

Չնայած Հովիկ Աղազարյանի օրինակը պետք է բոլորի համար դաս լիներ, որովհետև նրանից ավելի նվիրյալ մարդ այդ թիմում չի եղել»,- պարզաբանեց Նինա Կարապետյանցը։

Ըստ նրա՝ առկա իրողություններն ունեն հետևյալ տրամաբանությունը․ նախկինների թեզն արդեն հասարակության համար չի աշխատում, հետևաբար՝ պետք է նշանակել նոր թիրախ։

«Կան բացահայտումներ, թե ինչքան են իրենք նախկիններին տվել-անցել, հետևաբար՝ նոր մեղավոր է պետք նշանակել։ Ու այդ «նոր մեղավորը», ենթադրաբար, նշանակվելու է եկեղեցին, հոգևորականը։

Այնպես չէ, որ ես մեծ սիրահարն եմ մեր առանձին եկեղեցականների, ու, որ իրենց գործողություններն ու խոսույթն ամբողջությամբ ընդունելի է, բայց նոր թշնամի է փնտրվելու, գտնվելու և նոր թշնամին նշանակվելու է ՀԱԵ-ն»,- ամփոփեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից եկեղեցուն ուղղված վիրավորական ու քննադատական գրառումների շարք է սկսել․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես», «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին», «Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից և փիլոնից։ Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը», և այլն։

Բացի այդ, գրառում է արել նաև Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, նշելով. «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին։

Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգևորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն։

Երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզն ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ չուլաններից խոսակցություն է բացվել. թե չէ՝ ինչո՞ւ պետք է հարձակվեին պետության՝ ընտրված ղեկավարի վրա»։

Հիշեցնենք՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանը եկեղեցիները «չուլանի» հետ էր համեմատել։ Այս հայտարարությունից հետո Սրբազան հայրերն արձագանքել էին նրան. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն օրինակ, նշել էր. «Սրբավայրերի հանդեպ վարչապետի հանկարծական հետաքրքրությունը, այսուհանդերձ, ունի նաև մխիթարական ներուժ: Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները: Գուցե թե հայացքի արժանանան նաև բռնազավթված Արցախում ոչնչացման վտանգի առջև գտնվող սրբավայրերի պահպանության կենսական խնդիրները»:

Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն էլ Փաշինյանին անվանել էր «երկրի գլխավոր ցավագար»։

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »