Համառորեն գնում են նույն արատավոր ճանապարհով. Տուժողը կրկին քաղաքացին է

Տեղական արտադրողին պաշտպանելու անվան տակ կառավարությունը որոշել է կրկին բարձրացնել ներմուծվող ցեմենտի պետական տուրքը։ Եթե հիմա 1 տոննայի համար ներմուծողները վճարում են 2 հազար դրամ պետտուրք, այսուհետ կվճարեն 8 հազար դրամ՝ 4 անգամ ավելի, քան վճարում էին։

Սրանով կառավարությունն արհեստականորեն բարձրացնում է իրանական անհամեմատ մատչելի ցեմենտի գինը, որպեսզի տեղական արտադրողն իրեն լավ զգա, կարողանա մրցակցել ներմուծվող ցեմենտի հետ։

Լավ է, որ կառավարությունն ուզում է պաշտպանել տեղական արտադրողին, բայց դրանով ուղղակիորեն հարվածում է սպառողի գրպանին, որը հնարավորություն ունի ավելի մատչելի գներով ցեմենտ ձեռք բերել։ Ներմուծման տուրքը բարձրացնելուց հետո, իրանական ցեմենտի գինը ներքին շուկայում կբարձրանա։ Չի բացառվում, որ օգտվելով առիթից՝ ներքին արտադրողը նույնպես բարձրացնի իրացման գները։

Սա ուղղակիորեն հանգեցնելու է կապիտալ շինարարության թանկացման։

Կարդացեք նաև

Կան գնահատականներ, որ կառավարության այս նախաձեռնության արդյունքում շինարարության արժեքը 1 տոկոսով կաճի՝ ազդելով նաև անշարժ գույքի գների վրա։

Բայց այս ամենին կառավարությունն անտարբերությամբ է նայում։ Տեղական արտադրողին պաշտպանելու, թերևս, ամենահեշտ ձևն են ընտրել. ներմուծման վրա հավելյալ ֆինանսական բեռ են դնում՝ ազդելով ներմուծվող ցեմենտի գնի վրա։ Ոչինչ, որ դրանից սպառողն ու քաղաքացին է տուժում։

Միամտություն կլիներ կարծել, թե սա միայն նրա համար են անում, որ այդքան շատ են մտահոգված տեղական արտադրողի պաշտպանությամբ։ Սրանով քաղաքացու հաշվին նաև լրացուցիչ հարկեր գանձելու հնարավորություն են տեսնում։ Արտաքուստ թվում է, թե ավելացվող հարկի գումարները վճարելու են ներմուծողները, բայց ներմուծողները չեն վճարելու։ Վճարելու են սպառողները՝ ցեմենտի գնի թանկացման միջոցով։

Առաջին անգամ չէ, որ կառավարությունը նման քայլի է գնում՝ տպավորություն ստեղծելով, թե մտածում է տեղական արտադրողի մասին։ Սկսած 2019թ.՝ պարբերաբար բարձրացնում ու իջեցնում է ցեմենտի ներմուծման տուրքերը։ Սակայն դրանից իրավիճակը չի փոխվում։ Խնդիրները ժամանակ առ ժամանակ կրկին գլուխ են բարձրացնում։

Փորձը ցույց է տալիս, որ ներմուծման տուրքերի բարձրացումը բավարար չէ տեղական ցեմենտի մրցունակությունը ներքին շուկայում ապահովելու համար։ Բայց կառավարությունը շարունակում է գնալ նույն արատավոր ճանապարհով՝ փոխարենը մտածելու տեղական արտադրության մրցունակությունը ներմուծվող ցեմենտի նկատմամբ այլ մեխանիզմներով խթանելու մասին։

Դա կարող էր լինել տեխնիկական վերազինմա՞ն, թե՞ սուբսիդիաների ու հարկային արտոնությունների կիրառման միջոցով, քննարկման թեմա է։ Սակայն նման քննարկումների հետ կառավարությունում գլուխ չունեն։

Արդյունքում՝ մշտապես հայտնվում ենք նույն շրջապտույտի մեջ, որտեղ խնդիրները ոչ թե հիմնավոր, այլ ընդամենը ժամանակավոր լուծում են ստանում։

Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ վերջին շրջանում ցեմենտի տեղական արտադրությունը կրկին սկսել է տեղը զիջել ներմուծմանը, չի դիմանում մրցակցությանը։ Արտադրության ծավալներն են կրճատվել։ Անցած տարի արտադրությունը Հայաստանում նվազեց 7,3 տոկոսով։ Նախորդ տարվա համեմատ՝ 83 հազար տոննայով պակաս ցեմենտ արտադրվեց։

Այս տարվա սկզբին արտադրության ծավալների անկումն ավելի է խորացել։ Առաջին եռամսյակի տվյալներով, հասել է 18,5 տոկոսի։ Երեք ամսում 36 հազար տոննայով պակաս ցեմենտ է արտադրվել, քան անցած տարի։

Արտադրության ծավալների կրճատումը կապված է մեկ գործոնի հետ՝ հայկական ցեմենտը չի կարողանում մրցակցել իրանականի հետ, որովհետև այն անհամեմատ ավելի էժան է, քան տեղական ցեմենտը։ Ու դրա լուծումը կառավարությունը որոշել է տալ՝ իրանական ցեմենտը թանկացնելու ճանապարհով։ Թեև տրամաբանական կլիներ, որ հակառակն անեին, իջեցնեին հայկական ցեմենտի ինքնարժեքը՝ նպաստելով մրցունակության բարձրացմանը։ Դա նաև ոչ պակաս տնտեսական խթան կլիներ։

Այն, ինչ ամեն անգամ անում են ներմուծման տուրքն ավելացնելով,  չի կարող հարցի հարատև լուծում լինել։ Առավել ևս, որ արդեն ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի մասին  համաձայնագիրը, որի շրջանակներում հայկական ապրանքներն առաջին անգամ իրանական շուկայում ստանում են մուտքի արտոնյալ պայմաններ։ Ու այս իրավիճակում Հայաստանի կառավարությունը որոշել է իրանական ցեմենտի ներմուծման համար հայկական շուկայում սահմանափակումներ մտցնել։

Ստացվում է՝ Իրանն իր շուկան բացում է հայկական ապրանքների համար, իսկ Հայաստանը խոչընդոտներ է ստեղծում իրանական ապրանքները մեր շուկայում իրացնելու ճանապարհին, թեկուզև խոսքը միայն ցեմենտի մասին է։

Թե սա ինչքանո՞վ է տեղավորվում ԵԱՏՄ շրջանակներում ձեռք բերված ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում, հետագայում կերևա։ Առայժմ կառավարությունն անկաշկանդ գնում է իրանական ցեմենտի ներմուծումը հայկական շուկա սահմանափակելու ուղիով՝ մտադրություն ունենելով դրանով պաշտպանել տեղական արտադրողին։

Տեղական արտադրողի պաշտպանությունը, անշուշտ, ողջունելի է, բայց ինչո՞ւ է կառավարությունը շահագրգռված դա անել միայն ցեմենտի պարագայում, այն էլ՝ այսպիսի պրիմիտիվ մոտեցումներով։ Չէ՞ որ կան նաև այլ արտադրողներ, որոնք ևս խնդիրների են բախվում ներմուծումների նկատմամբ։ Ինչո՞ւ կառավարությունը նույն կերպ չի պաշտպանում նաև նրանց շահերը։ Հատկապես որ, վերջին տարիներին տեղական արտադրողների խնդիրները մեծապես ավելացել են ազգային արժույթի գրեթե 25 տոկոսանոց ամրապնդման հետևանքով, ինչը նպաստել է մի կողմից՝ ներմուծումների էժանացմանը, մյուս կողմից՝ արտաքին շուկաներում թուլացրել է հայկական ապրանքների մրցունակությունը։

Մի՞թե սա պակաս կարևոր խնդիր է տեղական արտադրության պաշտպանության համար։ Բայց դա կառավարությունը տարիներ շարունակ չնկատելու է տալիս։ Փոխարենը՝ կենտրոնացել է միայն ցեմենտի վրա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »