
Շենգենյան վիզաների տրամադրման գործընթացն իսկապես մտահոգիչ է․ Միրզոյան

Շենգենյան վիզաների տրամադրման գործընթացն իսկապես մտահոգիչ է. ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք ԵՄ անդամ երկրների գործընկերների ուշադրությանն ենք ներկայացնում խնդիրները՝ տեխնիկական պատճառաբանություններից մինչև ֆինանսական հարցեր։ Լինում են բացառիկ դեպքեր, երբ ընդունում ենք, որ չենք կարծում՝ մեր քաղաքացու նկատմամբ հարգալից վերաբերմունք է դրսևորվում։ Դեպքերի մեծ մասում էլ մենք առարկություն չունենք, դրանք են իրենց ընթացակարգերը»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, թե նա ընդունում է խնդրի լեգիտիմությունը։
Նրա կարծիքով՝ հարցի լավագույն լուծումը վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ և հնարավորինս արագ ավարտն է։ Նա շեշտեց՝ այստեղ միայն ԵՄ դաշտում մնացած որոշումը չէ, Հայաստանն էլ անելիք ունի՝ սկսած կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումից մինչև բազմաթիվ հարցերի կարգավորում։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Հայաստանը պաշտոնական դիմում ներկայացրե՞լ է Բրյուսելին Եվրամիությանն անդամակցելու համար, Միրզոյանը պատասխանեց՝ ոչ, նման դիմում չի ներկայացվել։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` վիզա ստանալու գործընթացն ավելի ու ավելի բարդ է դառնում։