
Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տարին սկսել է՝ 1, ավարտել՝ 3 անշարժ գույքով․ պաշտոնյայի հայտարարագրի դրվագները

2018 թվականի հուլիսին հուժկու հեղափոխական Արայիկ Հարությունյանը, որն այն ժամանակ նոր էր ԿԳՄՍ նախարարի պաշտոնում, պատմում էր մինչհեղափոխական «տրավմաների» մասին՝ նշելով.
«Մինչև «թավշյա հեղափոխությունը» ես որոշ առիթներով ՀՀ Սահմանադրությունն ընթերցելիս ցավ էի ապրում այն մտքից, թե մեր իշխանավորներից յուրաքանչյուրը Սահմանադրության որ կետերն էր խախտում: «Թավշյա հեղափոխությունից» հետո արդեն այդ ցավի ապրումները վերացել են և փոխարենը ժամանակ է եկել, երբ ոչ մի իշխանավոր այլևս չի կարող Սահմանադրության որևէ կետ խախտել»։
Բայց, արի ու տես, 7 տարիների ընթացքում և վերջին օրերին ևս ՔՊ-ական Արայիկ Հարությունյանի իշխանությունը «սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև» շրջանցում ու շրջանցում է Սահմանադրության շատուշատ կետեր, վերջինը, իհարկե, Հայ Առաքելական եկեղեցու գործերին միջամտելու անհագ ցանկության դրվագն է։
Երեկ, օրինակ, արդեն վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի կողմից կաթողիկոսի ընտրությանը միջամտությունը Սահմանադրական կարգի խախտում չէ, ասել է․ «Նա հանդես է գալիս՝ որպես քրիստոնյա»։
Նախկին ու ներկա հայտարարություններն ու համոզումներում տարբերությունները միակը չեն այս իշխող ուժի տարատեսակ ներկայացուցիչների դեպքում․ ուշադրության արժանի նրանց կողմից ներկայացված նախկին ու ներկա հայտարարագրերի հսկայական տարբերությունը՝ ևս։
Այսպիսով, 2021 թվականի հուլիսից վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանն օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։
Ըստ այդմ՝ ՔՊ-ական հեղափոխական պաշտոնյան տարին սկսել է 1 անշարժ գույքով և ավարտել 3-ով․ 2022 թվականին Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գնած և միանձնյա տնօրինվող հողամասին տարվա ընթացքում գումարվել են նաև տարվա ընթացքում Երևանում «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից 36 միլիոն 323,902 դրամով գնած բնակարանը և Տավուշի մարզի Իջևան համայնքում 1,215,000 գնած հողամասը։ Բոլոր գույքերը Արայիկ Հարությունյանը տնօրինում է միանձնյա։
Արայիկ Հարությունյանը հայտարարագրի հանձնված և վերադարձված փոխառությունների սյունակում տարեսկզբին նշել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից վերցված 7,223,902 դրամ փոխառության մասին, որը տարեվերջին արդեն զրոյացվել է․ սա թերևս բնակարան գնելու իրավունքի համար «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին վճարված գումարի մնացորդային մասն է։
Նրա բանկային հաշիվների մնացորդների ընդհանուր ծավալը տարեսկզբին եղել է 10 միլիոն 411․843 դրամ, տարեվերջին՝ 11 միլիոն 514․ 412 դրամ, իսկ կանխիկ միջոցները տատանվել են մինչև 100.000 դրամի սահմաններում։
Պաշտոնյայի հաշվետու տարվա՝ 26,771,873 դրամ եկամուտն էլ ձևավորվել է ֆինանսների նախարարությունից ստացած 2,965,047 դրամ այլ եկամուտներից և վարչապետի աշխատակազմից ստացած 23 միլիոն 806,826 դրամ աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։
Արայիկ Հարությունյանը նշել է նաև վարկերի մասին․ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը, ըստ հայտարարագրի, հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27,420,432 դրամ, իսկ հիփոթեքի առարկա է նշվել բնակարանը։ Նա տարվա ընթացքում 3 միլիոն 696,000 դրամ էլ ուղղել է վարկի մարմանը։ Եվս 5 միլիոն 461,356 դրամ միանվագ ծախսի բովանդակություն էլ պաշտոնյան չի հանրայնացրել։
Համեմատության համար հիշեցնենք՝ 2018 թվականին այս հեղափոխականի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագիրն ուներ այս տեսքը՝ համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանի և 1 մլն 841.688 ՀՀ դրամ տարեկան եկամուտների հանրագումարի մասին։
Արայիկ Հարությունյանն այսօր նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալություն ՓԲԸ հիմնադրի լիազոր ներկայացուցիչ է, Կառավարման ակադեմիա ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ։
Ի դեպ, մամուլը նաև արձանագրել էր Արայիկ Հարությունյանի եղբոր՝ Արման Հարությունյանի ընտանիքի հետհեղափոխական աճերի դրվագները։
Դեռ 2019 թվականին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը նշել էր․ «Մարդու աղքատությունն առաջին հերթին գլխում է: Որևէ մարդ, որն իր մտքում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա, չի հաղթահարի. տար ամեն օր 1000, 100.000 դոլար տուր, եթե ինքն իր գլխում աղքատությունը չի հաղթահարել, չի հաղթահարի»։ Այս հայտարարությունից հետո արդեն իշխանության տարբեր ներկայացուցիչներ սեփական օրինակով ցույց տվեցին, թե ինչպես պետք է հաղթահարել աղքատությունը։