Վահե Հովհաննիսյանը միացավ քարոզարշավին. Փաշինյանի պես անհատին խոստանում է երջանկություն, հանրությանը՝ հոգատարություն

Պետական բյուջեն միայն թվերի մասին չէ, այլ յուրաքանչյուր քաղաքացու՝ իր պետության կառուցման գործում ունեցած մասնակցության։ Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարկային մշակույթին, պետականության կենսունակությանը, ստվերային տնտեսության հետևանքներին և արդար հարկային համակարգի անհրաժեշտությանը։

«Բյուջեի ձևավորման մասնակիցը բոլորս ենք`առանց բացառության։ Հայաստանի Հանրապետությունում բյուջեի ձևավորումը ամեն մեկի մասնակցային պատասխանատվությունն է։ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մեկ մարդ, որը հարկ չի վճարում, հակառակն անհնար է»,- նշեց նա։

Նա հատուկ շեշտեց, որ հարկերից խուսափելն այլևս չպետք է ընկալվի որպես հնարամտություն։

«Սա մեծ արատ է, չափազանց մեծ արատ, որը թուլացնում է պետության հիմքերը, թույլ չի տալիս շարժվել այն ուղղությամբ, որը կապահովեր կայուն պետություն ունենալու առաջնահերթությունը»,- ընդգծեց նա։

Նա նշեց, որ օրական անգամ մի քանի հազար դրամի չվճարված հարկը վնասում է ոչ միայն հանրությանը, այլ հենց «գողացողին»՝ խաթարելով նրա իսկ առողջության, հաջողության և բարեկեցության հեռանկարը։

Հովհաննիսյանը առանձնացրեց շինարարության ոլորտը՝ նշելով, որ այնտեղ գործում են խմբեր, որոնք ծառայություններ են մատուցում առանց հաշվառման և իրավական գրանցման։

«Նման գործունեությունը քրեորեն հետապնդելի արարք է՝ պատիժը ընդհուպ ազատազրկում։ Մեր պարտականությունը հարկային ստվերը կրճատելն է ոչ միայն բյուջեի ֆինանսավորումն ապահովելու համար, այլև նախ և առաջ հարկ վճարողների իրավունքները պաշտպանելու, հասարակության մեջ արդարության զգացումը ապահովելու և շոշափելի դարձնելու համար,- ասաց նա։

Նա վստահություն հայտնեց, որ թվայնացման և արհեստական բանականության գործիքների կիրառման ընդլայնմամբ հնարավոր կլինի ավելի արդյունավետ բացահայտել հարկերից խուսափման դեպքերն ու ապահովել համարժեք պատասխանատվություն։

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »