
Ի՞նչ ակնկալիքով է Փաշինյանը գնում Էրդողանի մոտ

Մինչ Հայաստանի հարևանությամբ ծավալվում ու բարդանում է Իրան-Իսրայել պատերազմը, տապալվում են ռուս-ուկրաինական բանակցությունները, Նիկոլ Փաշինյանն ակտիվացրել է շփումները թուրքական կողմի հետ։
Մայիսի 16-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Փաշինյանը կարճ զրույց էր ունեցել Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, ինչպես նաև շփվել էր Ալիևի ու Էրդողանի հետ, այսպես ասած, ոտքի վրա ձևաչափով։
Հունիսի 5-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ: Նրանք քննարկել էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիա էր մեկնել 2023 թվականի հունիսին և ներկա գտնվել Էրդողանի երդմնակալության արարողությանը։
Հունիսի 20-ին Փաշինյանը պատրաստվում է պաշտոնական այց կատարել Անկարա։ Նրա այցի մասին տեղեկությունները հաստատել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով, թե այցը «պատմական է» և այն կայանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրավերով։ Փաշինյանը ևս ասաց, որ այդպիսի պլան կա։ Նրա խոսքով, այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։
«Կարող եմ ասել, որ, այո, այցը նախատեսված է, և դրա վերաբերյալ ուղղակի պայմանավորվածությունները չխախտելու համար այս պահին կասեմ այն, ինչ արդեն հայտնի է»,- նշել է Փաշինյանը։
Չնայած այս մեկնաբանություններին՝ իշխանությունը հստակ չի պատասխանում, թե ի՞նչ հարցեր են ներառված այցի օրակարգում և ի՞նչ սպասել այս այցից։ Այս հարցերը ներկայումս խիստ արդիական են՝ հաշվի առնելով Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի առկախված ստորագրման գործընթացը, Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաև կարծիքներն այն մասին, որ կողմերը դեմ չէին լինի այս գործընթացում Թուրքիայի միջնորդությանը։
Այս միտքը, թերևս, նորություն էլ չէ։ Անցած տարվա սեպտեմբերին Նյու Յորքում Փաշինյան-Էրդողան հանդիպումից հետո Էրդողանը ճեպազրույց էր տվել և հայտարարել, թե Նիկոլ Փաշինյանի մոտեցումները դիտարկելիս «դրանք բացասական չեն թվում»։
«Նրանք ցանկանում են, որ մենք հնարավորինս շուտ ապահովենք խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել էր Էրդողանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ին։
Դրա հաջորդ օրը Գերմանիայի արտգործնախարարությունը Ֆիդան-Բերբոք հանդիպումից հետո իր X-ի էջում գրել էր, որ Թուրքիան կարևոր միջնորդ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում։ Հաքան Ֆիդանն ու Անալենա Բերբոքը՝ Գերմանիայի ԱԳ նախկին նախարարը, ըստ հաղորդման, այս ուղղությամբ կոնկրետ քայլեր էին քննարկել։
Այս տարվա մարտի 26-ին Վաշինգտոնում կայացավ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի առաջին հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել էին իրավիճակը Հարավային Կովկասում: Ինչպես հաղորդել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, քարտուղարը Թուրքիային խնդրել էր աջակցել Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը։
Վերադառնալով Փաշինյանի առաջիկա այցին Թուրքիա, հարկ է նշել, որ այդ այցին ընդառաջ՝ հունիսի 19-ին Թուրքիա է մեկնում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով այցի նախօրեին՝ հունիսի 18-ին, հայտարարել է, թե Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների՝ իրենց նախնիների հողերը վերադառնալու իրավունքը, և, որ դա կարևոր պայման է տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների ապահովման համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հունիսի 19-ին թուրքական Քահրամանմարաշում տեղի է ունենալու ադրբեջանական թաղամասի բացումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրիմը։ Նա հիշեցրել է, որ 2023թ. փետրվարին Քահրամանմարաշ քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Իլհամ Ալիևի հանձնարարությամբ բոլոր ուժերը մոբիլիզացվել են Թուրքիային օգնություն ցուցաբերելու համար։
Փաշինյանի այցին ընդառաջ Թուրքիա էր մեկնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ով, ըստ հունիսի 16-ին տարածված հաղորդագրության, Անկարայում հանդիպում էր ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ: «Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ»,- ասված էր հաղորդագրությունում։
Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը նշել էր, թե փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի այցը Թուրքիա Հայաստան-Թուրքիա կարգավորման շրջանակներում էր։
«Գիտեք, ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, այլև ԱԳՆ մակարդակում կան շփումներ, տարբեր նախարարների մակարդակում»,- ասել էր ԱԺ փոխխոսնակը: Սակայն Կոստանյանը, ըստ ամենայնի, Անկարայում փորձում էր նախապատրաստել Փաշինյանի այցը Թուրքիա։
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ Միացյալ Նահանգները թուլացնում է իր անմիջական մասնակցությունը հարավկովկասյան օրակարգերում՝ կենտրոնանալով գլոբալ ուղղությունների վրա։
Ըստ նրա, արտաքին քաղաքականության առումով Թրամփի վարչակազմը, Պետքարտուղարությունը ներգրավված են Ուկրաինայի, Իսրայել-Իրան հակամարտության և Չինաստանի ուղղությամբ, իսկ մնացած հարցերն ածանցյալ են։
«Բնականաբար, այս վարչակազմի համար լավագույն տարբերակն այն է, որ Թուրքիան Հարավային Կովկասում ստանձնի միանձնյա առաջատար, իշխող ուժի դեր։ ԱՄՆ-ը կտրականապես դեմ է Իրանի որևէ դերակատարության և ներկայումս ձգտում է կապիտուլյացիայի այդ երկրի համար, իսկ Ռուսաստանի դեպքում մի փոքր այլ է, քանի որ մինչ Թրամփի վարչակազմի գործունեությունը ՌԴ-ն արդեն թուլացրել էր իր ներկայությունը Հարավային Կովկասում Ուկրաինայի պատերազմի, ինչպես նաև ռեգիոնում տրամադրությունների ու հետպատերազմյան զարգացումների պատճառով։ Ի տարբերություն սրան՝ Թուրքիան ավելացրել էր իր ազդեցությունը Հարավային Կովկասում, իսկ անցյալ տարեվերջին ամրապնդվեց նաև Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում։ Այս ֆոնին ՀՀ իշխանություններն արդեն մի քանի տարի է՝ ձգտում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Տպավորություն է նաև, որ ռեգիոնում թուրքական ազդեցության ընդլայնմանը, Թուրքիայի միջնորդությանը դեմ չեն»,- նման կարծիք հայտնեց թուրքագետը։
Ուստի, նրա կարծիքով, բացառելի չէ, որ սպասվող այցի օրակարգում լինեն ոչ միայն երկկողմ, այլև ռեգիոնալ հարցերը։
Վիկտոր Նադեին-Ռաևսկու համոզմամբ, եթե ոչ պաշտոնական, ապա ստվերային ազդեցություն գործընթացում Թուրքիան արդեն ունի։
«Եթե հաշվի ենք առնում այն, որ այս տարիների ընթացքում հայ-թուրքական հարաբերությունները պաշտոնապես չկարգավորվեցին Ադրբեջան-Հայաստան խնդիրների պատճառով, իսկ հայկական կողմը շարունակեց շփումները Թուրքիայի հետ, եղան նաև եռակողմ շփումներ, ԱԳ նախարարների հանդիպում Թուրքիայում մի իրավիճակում, երբ մերժվում են բոլոր այլ միջնորդները։ Սա արդեն իսկ ազդեցություն ու անուղղակի միջնորդություն է։ Պարզապես առաջիկայում սպասվող այցը շատ հարցերի պատասխան կտա, թե երկկողմ հարաբերություններում երբ և ինչ հանգրվան կլինի, ինչպես նաև գուցե տրվի հստակություն այն հարցին, թե ինչ կլինի Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի հարցը։ Սակայն այս ամենի ֆոնին վստահությամբ կարող եմ ասել, որ Թուրքիան Ադրբեջանին չի պարտադրի անել զիջում ի օգուտ Հայաստանի»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Իր հերթին՝ ռուս արևելագետ Ստանիսլավ Տարասովը գտնում է, որ սպասելի էր Փաշինյանի այցն Անկարա, նույնիսկ այն բավականին ուշ է տեղի ունենում՝ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների քաղաքականությունը Թուրքիային ընդառաջ։
Նրա դիտարկմամբ, հետաքրքրական է այն հանգամանքը, որ կայանում է պաշտոնական այց, սակայն չկան հաստատված դիվանագիտական հարաբերություններ։
«Գուցե այցի ընթացքում ինչ-որ նորությունների մասին հայտարարեն։ Սակայն թուրքական միջնորդության հավանականությունը շատ հակասական հարց է։ Թուրքիան կարող է միջնորդել, եթե կա խաղաղություն հաստատելու ցանկություն։ Ադրբեջանական կողմը դեռ պահանջներ ունի սեղանին դրած, հետաքրքիր է, թե ինչպես է Թուրքիան վարվելու այդ պահանջների հետ՝ որպես միջնորդ։ Դեռ պարզ չէ նաև՝ այս այցը Թուրքիայի միջնորդության շրջանակո՞ւմ է, թե՞ ոչ, հաշվի առնելով նաև այն, որ գրեթե նույն ժամանակ Թուրքիայում է գտնվելու նաև Ադրբեջանի ղեկավարը, և արդյո՞ք կարելի է սպասել նախաձեռնությունների ավելի լայն ձևաչափով»,- ասաց վերլուծաբանը։
Տարասովի կարծիքով, Հարավային Կովկասի համար ներկայումս շատ ավելի կարևոր է այն ամենը, ինչ կատարվում է Իրանի ու Իսրայելի միջև։ «Ռեգիոնի համար կարող են լուրջ փոփոխություններ լինել, որոնք կարող են անդրադառնալ նաև Թուրքիայի վրա, ուստի հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարցերն այս պահին ընթացիկ են, իսկ ավելի կարևոր է ռեգիոնում գլոբալ նշանակության բախումը, որի հետևանքները վերաբերելու են ռեգիոնում բոլորին»,- նշեց նա։