
«Խուզարկություններ են իրականացվել նաև տարբեր անձանց բնակարաններում». Բագրատ Սրբազան

Մինչ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում պատրաստվում է Էրդողանի հետ հանդիպմանը, Հայաստանում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունն այս պահին բերվել են թիվ 1 մարտական պատրաստության վիճակի:
Անկարայում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, չնայած նշվել է, թե եռակողմ հանդիպում նախատեսված չէ:
Երևանը լի է ոստիկանական ուժերով:
Քիչ առաջ հայտարարություն տարածեց «Սրբազան պայքարի» տելեգրամյան ալիքը.
«Հարգելիներ, հայտնում ենք, որ իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններ:
Քաղաքական հետապնդումների այս ալիքի պատճառը անհասկանալի է: Փաստենք, որ այն մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում գտնվելու պահին»:
Ըստ 168.am-ի աղբյուրների՝ 1 ժամում «Սրբազան պայքարի» շուրջ 20 անդամ է բերման ենթարկվել։ Այլ մանրամասները ճշգրտվում են։
«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանը քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում, հաստատելով փաստը՝ ասաց. «Խուզարկություններ են իրականացվել նաև տարբեր անձանց բնակարաններում»։
Մի քանի տասնյակ բերման ենթարկվածներ կան հանրային ու քաղաքական այլ շրջանակներից ևս։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ևս հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով.
«Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։
ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ։
Անկախ զարգացումներից և բռնաճնշումների ծավալներից՝ փաստում ենք. որևէ բռնաճնշում չի կարող մեզ լռեցնել, այսպիսի գործելաոճն, ի վերջո, ծնելու է համարժեք հակազդեցություն»,- ասված էր հայտարարության մեջ։
Ի՞նչ նոր զիջումների է գնալու Նիկոլ Փաշինյանը, ինչո՞վ են պայմանավորված այս օրերի քաղաքական հետապնդումները: