
Մտահոգիչ հարց է. էներգետիկ ըմպելիքները պարունակում են կոֆեին, որը երեխայի մոտ կարող է առաջացնել քնի խանգարում, գլխացավ, հաճախասրտություն. Դավիթ Պիպոյան

Հայաստանում անչափահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների օգտագործումը մեծ մտահոգություններ է առաջացնում ծնողների մոտ, քանի որ նրանք ամեն վայրկյան չեն կարող վերահսկել երեխաներին, հատկապես՝ դպրոցներում։
ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանի խոսքով՝ էներգետիկ ըմպելիքների թեման արդիական ու մտահոգիչ է ոչ միայն ՀՀ-ում, այլև ամբողջ աշխարհում։ Դեռահասների մոտ սա հրատապ խնդիր է, քանի որ 18-29 տարեկան անձանց շրջանում հետազոտությունները ցույց են տալիս, որ էներգետիկ ըմպելիքները բավականին լայն տարածում ունեն։
«Գիտենք, որ երիտասարդներն էներգետիկ ըմպելիքները խառնում են ալկոհոլի և տարբեր կոկտեյլների հետ, բայց ավելի մտահոգիչ են վերջին հետազտությունները։ Այդ հետազոտությունները ցույց են տվել, որ 10-16 տարկեանները ևս զերծ չեն մնում էներգետիկ ըմպելիքների կիրառումից։
«Էկոկենտրոնում գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոն, և հաճախ ենք ընդունում դպրոցականների Երևանից և մարզերից։ Ցավոք, մտահոգիչ է, որ յուրաքանչյուր տարի երեխաների տոկոսը, ովքեր օգտագործում են էներգետիկ ըմպելիքներ, չի նվազում, և նրանք սիստեմատիկ են օգտագործում։ Նրանց անվանում ենք «քրոնիկ օգտագործողներ», այսինքն՝ նրանք դեռահասներ են, ովքեր հաճախակի՝ շաբաթը 2-3 անգամ, էներգետիկ ըմպելիք են օգտագործում»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Դավիթ Պիպոյանը։
Ինչ վերաբերում է մտահոգություններին, որ երեխան մեկ անգամ էներգետիկ ըմպելիք օգտագործելով, հայտնվում է կախման մեջ, մեր զրուցակիցը նկատեց՝ մշտապես անդրադարձել են այդ մտահոգություններին, ասելով, որ գոյություն ունեն սուր ռիսկեր, այսինքն՝ երբ 10-16 տարեկանները խմում են կոֆեինի բարձր մակարդակով ըմպելիք, նրանց մոտ կարող են անհատական բնույթի ռեակցիաներ դրսևորվել։
«Օրինակ՝ ինքս երեխաներին կանչում ու հերթով հարցնում եմ, թե ովքե՞ր են օգտագործել էներգետիկ ըմպելիք։ Այն երեխաները, որոնք օգտագործում են, պատասխանում են, որ օրինակ ունեցել են խնդիրներ՝ անքնություն, գլխացավ և այլն, իսկ կան երեխաներ, որոնք որևէ խնդիր չեն ունեցել։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի մարդիկ ունենան գիտահեն տեղեկատվություն, բոլորս էլ գիտենք, որ կոֆեինը դասվում է այնպիսի նյութերի շարքին, որը ոչ միայն դեռահասների, այլև մեծահասակների մոտ դրսևորվում է՝ նրանց անհատականությունը հաշվի առնելով, այսինքն՝ մարդը կարող է կոֆեին խմել և իրեն լավ զգալ, մյուսի մոտ՝ առաջանան տարբեր բացասական ռեակցիաներ։ Երեխաները եթե ուզում են զուտ ըմպելիքի համը տեսնել, պարտադիր չէ, որ ամբողջ շիշը խմեն, չնայած կրկնում եմ՝ ինքս խորհուրդ չեմ տա որևէ կերպ խմել, թեկուզ փորձել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Դավիթ Պիպոյանն անդրադարձավ նաև թաքնված խնդիրներին, որոնք կարող են մեծ ահազանգ լինել ծնողներին՝շեշտելով, որ վերջերս Միացյալ Նահանգների ամենաբարձ ատյաններից խոսում էին երեխաների առողջության և առհասարակ էներգետիկ, գազավորված ըմպելիքների, ներկանյութերի մասին, որոնք երեխաների նյարդային համակարգի ու կենտրոնացվածության ֆունկցիոնալ համակարգի վրա բացասական ազդեցություն են թողնում։ Հետևաբար, բոլորը, այդ թվում՝ ծնողները պետք է հասկանան՝ գործ ունեն մի ըմպելիքի հետ, որը միաժամանակ պարունակում է շաքար և կոֆեին, այս համադրությունը երեխաների օրգանիզմի համար, որևէ օգտակար նյութ չի պարունակում։
«Հավանաբար նկատել եք, որ էներգետիկ ըմպելիքների տարաները լավ մեծացել են, այսինքն, պատկերացրեք, որ եթե այդ մեծ տարայում 12 գրամ շաքար կա, ուրեմն՝ երեխայի օրգանիզմում այդ ըմպելիքն օգտագործելուց հետո շաքարը մի քանի անգամ գերազանցելու է։ Խնդիրները պետք է համակողմանի ներկայացնենք հանրությանը, որպեսզի հասկանան՝ այստեղ մի կողմից կոֆեինն է, որը երեխայի մոտ կարող է առաջացնել քնի խանգարում, գլխացավ, հաճախասրտություն, մյուս կողմից՝ գործ ունենք ռաֆինացված շաքարի մեծ քանակի հետ՝ միանվագ։ Ինչո՞ւ ենք ասում միանվագ, որովհետև միանգամից օրգանիզմ է մուտք գործում 60 գրամ շաքար։ Լրիվ այլ բան է մեկ օրվա ընթացքում 60 գրամ շաքարի ներթափանցումն օրգանիզմ, բոլորովին այլ բան, որ այդքանն օրգանիզմ է ներթափանցում միանգամից։
Լավ կլինի, եթե երեխային փոքր հասակից սովորեցնեն ճիշտ ու առողջ սնվել, որովհետև գործն ավելի է բարդանում, երբ արդեն գործ ենք ունենում ավելի բարձր տարիքով խմբերի հետ։
Երբ այսօր խոսվում է ամբողջ աշխարհում մարդկանց մոտ ճարպակալման խնդիրներից, դրան զուգահեռ՝ որքան շատ է խոսվում արագ սննդի, այնքան էլ շատ խոսվում է գազավորված ու էներգետիկ ըմպելիքների դերի մասին»,- ասաց Դ. Պիպոյանը։
Այս պահին մի շարք խանութներում ու վաճառակետերում արգելված է էներգետիկ ըմպելիքների վաճառքն անչափահասներին։ Չնայած, եթե նույնիսկ բոլոր դպրոցներում արգելվի էներգետիկ ըմպելիքների վաճառքն անչափահասներին, միևնույն է՝ նրանք ավելի տարիքով մարդկանց միջոցով այն կգնեն. կխնդրեն, որ գնեն և տան իրենց։
«Մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ 15 տարեկանը կարող է 19 տարեկան ընկերջոը խնդրի, որպեսզի էներգետիկը գնի և տա իրեն։ Դրա համար եմ ասում, որ պետք է առաջ տարվի առողջ սննման ու առողջ ապրելակերպի արշավը, և սա պետք է արվի ընտանիքներում, դպրոցներում։
Ինքս մշտապես փորձում եմ գնալ դպրոցներ, այս թեմայով երեխաների, ուսուցիչների հետ աշխատանքներ տանելու համար։ Հավատացե՛ք, կան ծնողներ, որոնք չգիտեն էներգետիկ ըմպելիքում առկա կոֆեինի, շաքարի առակայության մասին։ Երբ ծնողին հարցնում եմ՝ թույլ կտա՞ք ձեր երեխան մի քանի բաժակ սուրճ խմի, պատասխանում է՝ բնականաբար՝ ոչ։ Ասում եմ, բա ինչո՞ւ եք թույլ տալիս էներգետիկ ընմելիքներ խմի, զարմացած հարցնում է՝ ինչո՞ւ դա նույն գազմավորված ըմպելիքը չէ՞։
Ասածս այն է, որ մենք այս հարցը պետք է դարձնենք օրակարգային, որպեսզի կարողանանք բոլոր տեղերում համալիր միջոցառումների շրջանակներում պայքարել դրա դեմ»,-ընդգծեց Դավիթ Պիպոյանը։