Բաժիններ՝

«Ծիրանի բերքը վարակվել է սնկային հիվանդությամբ, ժամանակին պետք է սրսկեին. կուսակցական կուրծք ծեծելով՝ երկիր չեն ղեկավարում». Հրաչ Բերբերյան

Օրերս 168.am հետ զրույցում Արարատի մարզի բնակիչները, որոնց այգիները մայիսի 5-ին տեղացած կարկուտը վնասել էր, ահազանգում էին, որ կարկուտից հետո ծիրանի ծառերին մնացած բերքը դեղնում ու թափվում է, հավանաբար խոնավությունից է։

Բնակիչները չգիտեն, թե բերքի քանի տոկոսը կմնա ծառի վրա, քանի տոկոսը կթափվի։

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ ծիրանի բերքը վարակվել է սնկային հիվանդությամբ, հետևաբար՝ եթե ոլորտի պատասխանատուներն այս ամենն իմանային, ապա գյուղացիներին նախապես կասեին՝ սրսկեին ծառերը։

«Շիրակում, Լոռիում, Արարատում, Տավուշում կարկուտից հետո իրավիճակն այդպես է՝ դա սնկային հիվանդություն է։ Եթե ծառն ամբողջությամբ վարակված չէ, ապա պետք է անհապաղ սրսկեն, իսկ եթե ամբողջությամբ վարակված է՝ սրսկեն էլ, օգուտ չկա՝ բերքը թափվելու է։

Կարդացեք նաև

Պատկան մարմինները չգիտե՞ն, որ անձրևներից, խոնավությունից հետո այդ սնկային հիվանդությունը գլուխ է բարձրացնում, չնայած որտեղի՞ց իմանան։

Օրինակ, Նիդերլանդներում դաշտը կամ այգին 18 անգամ են սրսկում։ Հասկանում եմ, որ սա այսօր գյուղացու համար թանկ հաճույք է, բայց եթե չարչարվել է և ուզում է իր բերքը փրկել՝ պետք է անի։ Իհարկե, փրկված բերքը կարող է ապրանքային տեսք չունենալ, դրա համար ամեն ինչի մասին ժամանակին պետք է մտածեին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ սնկային հիվանդությունը սպառնում է միայն ծիրանին, երեկ Արարատ այցի ժամանակ տեսել է, որ խնձորի բերքին դա չի սպառնում, իսկ դեղձենու վեգետացիան էլ ուշ է լինում՝ հունիսից հետո։

Նա հիշեցրեց, որ դեռևս մի քանի տարի առաջ էր ասում, որ հակակարկտային կայանները բանի պետք չեն, բնակիչների կրած վնասները դրա վառ ապացույցն են։

«Պատկան կառույցների անգործության պատճառով սովորական գյուղացին է տուժում։ Գոնե այնպես անեն, որ այս տարի նորմալ սոխի ու կարտոֆիլի բերք ունենանք։ Խաղողի բերքի մասին դեռ վաղ է խոսել։

Ահազանգ եմ ստացել Ստեփանավանից, որ կարկուտը վնաս է հասցրել նաև ցորենի դաշտերին, «խուզել»-թափել է։ Դրա համար հակակարկտային կայանները թող տան հասկացող մարդու, որ նոր տեխնոլոգիաներով գործի դնի։ Սրանք այս խելքով ուզում են ինտենսիվ այգիներ զարգացնել։ Սրանք դեռ կարկուտի հասցրած վնասները չեն հաշվարկել, դե ո՞նց հաշվարկեն, որ անգրագետ են»,- հավելեց Հրաչ Բերբերյանը։

Նա նաև շեշտեց՝ ՀՀ-ում ամեն մի ուղղության՝ պտղաբուծություն, անասնապահություն, խաղողագործություն և այլն, անհրաժեշտ է մասնագետ, որպեսզի հասկանան ոլորտից, ամեն ինչ ժամանակին անեն, որ գյուղացին ամբողջ տարին վնասներ չկրի։

«Դե ավելորդ է ասել, որ Հայաստանում կադրային քաղաքականություն չկա, կուսակցական կուրծք ծեծելով՝ երկիր չեն ղեկավարում ու երկրին օգուտ չեն տա։ Ցանցերո՞վ են կարկուտի դեմն առնում, այդ ցանցերով կարելի է, օրինակ, կուսակցության գլուխը փակել, որ կարկուտը չհարվածի, չնայած որ հարվածի՝ ինչ, մեկ է՝ դատարկ է։

Նիկոլ Փաշինյանը պետք է այսքանից հետո իր մոտ հրատապ նիստ հրավիրեր, քննարկում անցկացներ, գյուղատնտեսությունը վերջնական վարի են տալիս»,- ընդգծեց Հրաչ Բերբերյանը։

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »