
«Նիկոլ Փաշինյանը կոռուպցիան էլ սարքեց փողով. թող մեզ ստերով չկերակրեն, իրականությունը տեսնում ենք». Արարատ Աղաբեկյան

Նիկոլ Փաշինյանը և իր թիմն իրենց գրառումները, ելույթներն ավարտում են «Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն» արտահայտությամբ։ Այս խոսքերը Նիկոլ Փաշինյանն ասաց մայիսի 28-ին՝ Սարդարապատի հուշահամալիրում, որից հետո ՔՊ-ականները հերթով սկսեցին գործածել։
Մինչդեռ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը բոլորովին այլ բանի մասին է վկայում. շուրջ 3 ամիս է՝ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակում Սյունիքի ուղղությամբ, վերջին օրերին դրանք թիրախավորված բնույթ են կրում։ Այսօր գիշերը ևս ադրբեջանական կողմից կրակել են, որի հետևանքով Խոզնավար գյուղում բնակիչներից մեկի տան տանիքն է վնասվել, լոգարանի դուռը։
Այսօր խորհրդարական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն այս կրակոցներին անդրադառնալով՝ ասաց, որ հայկական կողմն առաջ է տանելու խաղաղության օրակարգը և դրանից չի հրաժարվելու։
Սյունիքում մարդկանց մեծ մասն իշխանությունների խաղաղության օրակարգն արդեն ծիծաղելի է համարում, քանի որ տիրող իրականությունն այլ բանի մասին է խոսում։
Ազատամարտիկ, շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանը՝ Աշխարհապետը, հիշում է Խորհրդային Միության տարիները, երբ Ադրբեջանն ու Հայաստանը նույն կազմի մեջ էին, և իբր հայերն ու ադրբեջանցիները եղբայր ժողովուրդներ էին, Ադրբեջանի կողմից սադրանքներ էին իրականացվում հայ ժողովրդի դեմ։
«Տարիքս ինձ թույլ է տալիս ասել, որ խաղաղություն չի լինելու, որովհետև ես լավ գիտեմ Ադրբեջանի պահվածքը, նաև ԽՍՀՄ ժամանակները։ Այն ժամանակ Կապան-Գորիս ավտոբուսը, որ գնում-գալիս էր, տեղ-տեղ ադրբեջանաբնակ բնակավայրերից քարեր էին նետում ավտոբուսի վրա, փորձում պատուհանները կոտրել։ Սա տեղի էր ունենում այն ժամանակ, երբ իբր երկու ժողովուրդները եղբայրներ էին, առևտուր էին անում, գնում-գալիս էին։ Սակայն թուրքն իր շակալությունն անում էր, հիմա էլ է անում ու ավելի վատ ձևով»,– 168.am-ի հետ զրույցում ասաց Արարատ Աղաբեկյանը։
Ազատամարտիկը ցավով է ասում, որ այս իրավիճակում իշխանություններն ուզում են պարտադիր զինվորական ծառայությունը դարձնեն գումարով, փող ունես՝ տուր ու մի ծառայիր, չունես՝ գնա ծառայիր։ Այս ամենը ենթադրում է, որ գումար չունեցող մարդը պետք է տունը ծախի, որպեսզի իր որդին չծառայի։
«Կեսկատակ-կեսլուրջ ասեմ՝ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիան էլ սարքեց փողով, բա բանակ չգնաս ու պետական վճար անես, դա ի՞նչ է։ Հասկացանք, եթե մարդը վատառողջ է, տար բուժիր, թող գնա իր պարտքը հայրենիքի նկատմամբ կատարի։ Սրանք ամեն շաբաթ ազգադավ մի ծրագիր են դաշտ նետում, չկա «գարանտիայով» մեկ շաբաթ, որ սրանք մի բան չանեն։
Ես չեմ բացառում, որ սրանք Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրեն ու ադրբեջանական լոլիկը լցնեն Հայաստան, հայ գյուղացու մշակած լոլիկն էլ մնա «բորդյուրին»,- հավելեց Արարատ Աղաբեկյանը։
Մեր զրուցակցի բնորոշմամբ՝ բոլոր պատերազմներում զոհված զինվորի, սպայի, կամավորի երեխայի մեջ իր հոր սպանողի վրեժը մնացել է, ինչպե՞ս են նրան ստիպելու ներել թշնամուն։
«65 տոննա արյուն ենք թափել հողի համար, այդ հողը դեռ արյունից խոնավ է, սա մոռացվելո՞ւ է. երբե՛ք, թեպետ սրբապիղծների համար մոռացվել է, հենց նույն օրն է մոռացվել։ Զայրանում ենք, բայց սա է իրականությունը, թող մեզ ստերով չկերակրեն, իրականությունը մենք տեսնում ենք»,- ընդգծեց Արարատ Աղաբեկյանը։
Նշենք, որ երեկ լրագրողների հետ կարճ զրույցում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել էր, որ Սյունիքում կրակոցների համար պարզաբանում էին ուզել Ադրբեջանից, պատասխանը եղել է, որ Ադրբեջանը հրաժարվել է, որ ինքն է կրակոցներ արձակել։