«Ամո՛թ, ուղղակի ամո՛թ, ողբամ, զատեք ձեր անձնականը պետականությունից ու սրբություններից». Անդրանիկ սարկավագ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը, կինը և ՔՊ-ականները շարունակում են Առաքելական եկեղեցու և հայ հոգևորականների դեմ իրենց արշավը։ Այդ ամենն արվում է տարբեր մակարդակներում, օրինակ, Նիկոլ Փաշինյանն ավելի ակտիվ է Ֆեյսբուքում, որտեղ օրը մի քանի անգամ գրառում է կատարում։

Ամեն ինչ հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից մեկը երեկ գնացել էր Մարմաշենի եկեղեցի և քահանայից պահանջել էր կադաստրի թուղթ։ Դեռևս անհայտ է, թե Առաքելական եկեղեցու դեմ այս քայլերը երբ կավարտվեն, քանի որ ՔՊ-ականները խոստացել են, որ «մանկապիղծ» սրբազանների վերաբերյալ դեռ տեղեկություններ կհրապարակեն։

«Սասուն» ազգային երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, ով նույնպես հետևում է այս ամենին, ասում է՝ ուղղակի ամաչում է իշխանությունների փոխարեն։

«Անկեղծ, այս ամենի մեջ ես տեսնում եմ իշխանությունների անձնական խնդիրները, որը կապ չունի ո՛չ եկեղեցու, ո՛չ էլ պետության ու պետականության հետ։ Ես ամաչում եմ, որ այս կարգի անձնական հարցերը լուծում են մասսայաբար, սա խոսում է ներքին դաստիարակության ու կիրթ լինելու բացակայության մասին, սա նաև խոսում է այն մասին, որ այս մարդիկ անզոր են։ Մեկ տան անդամ են ու իրենց հարցերն այդ տան մեջ չեն կարողանում լուծել՝ առանց բարձրաձայնելու ու ավելորդ վիրավորանքների։ Ամո՛թ է, ես բոլորի փոխարեն ամաչում եմ։

Կարդացեք նաև

Իրենք խոսում են բարձրագույն արժեքներից, ժողովրդավարությունից, արժանապատվությունից, բայց սրանց խոսքն ու գործն իրար համարժեք չեն։ Ամբողջ աշխարհը սա տեսնում է և ուզում է տեսնել՝ հայ ազգն ինչ է ուզում, ինչ խնդիր ունեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ գոյություն ունի արժեքային համակարգ, և առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչու են իշխանությունները ցանկանում հեռացնել Վեհափառին կամ կարգալույծ անել։

«Եկեք հասկանանք, մեր Վեհափառի ո՞ր գործունեությունը ճիշտ չի առաջնորդվում, որպեսզի այդ մարդուն էլ խնդիրը ներկայացնենք ու ասենք՝ եղբայր, այս հարցը բաց ես թողել։ Եթե խնդիր են տեսել, թող ցույց տան, որպես հոգևորական՝ իսկապես այս վիճակից ինձ շատ վատ եմ զգում։ Եկեղեցին թող չկապեն անձերի հետ, նույնն էլ՝ պետությունը։ Կրկնում եմ՝ եթե սխալ է արել Վեհափառը, թող ցույց տան, իսկ մնացածն այստեղ իշխանությունների անձնական հարցերն են»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա նաև շեշտեց՝ եթե Ադրբեջանն է փնովում Հայ Առաքելական եկեղեցուն, դա ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ նա խնդիր ունի։ Ադրբեջանը սեփական շահերից ելնելով՝ անում է այն ամենը, ինչն իրեն ձեռնտու է, և ցավալին այն է, որ անում է հայի ձեռքով։

«Սա բնաջնջում է, եկեղեցու, հայոց պատմությունը բնաջնջում են, շուտով կասեն՝ հայ ազգը գոյություն չի ունեցել, քոչվոր են եղել։ Դրա համար մենք պետք է իմաստուն լինենք, հասկանանք՝ մեր առաջնային շահը որն է, մեր պետությունն ու պետականությունն է մեր շահը, մեր ազգային արժեքները, լավ, կարելի է գայթակղվել նյութականով, բայց այս աստիճա՞ն։ Լավ, որքա՞ն կարելի է միմյանց վրա ցեխ շպրտել, ուրիշ ազգերն էլ ինչպե՞ս վստահեն այս ազգին։ Ամո՛թ, ուղղակի ամո՛թ, ողբամ,  զատեք ձեր անձնականը պետականությունից ու սրբություններից։

Եկեղեցին՝ առանց ժողովրդի, և ժողովուրդը՝ առանց եկեղեցու, չի կարող լինել, տունն առանց երեխաների ու ծնողների չի լինում։ Լավի համար ուրախանում եմ, վատի համար՝ տխրում, որովհետև սա իմ ընտանիքն է, իմ տունը։ Ինչ ասեմ, թող իմաստնանան, աշխարհն է այս ամենին նայում»,- ընդգծեց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »