Իրենց տված խոստումները չե՛ն կատարել, խաբե՛լ են․ հունիսի 19-ին ակցիա ենք իրականացնելու կառավարության մոտ․ Անաստաս Իսրայելյան

Արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, «Վերածնվող Արցախ» հ/կ նախագահ Անաստաս Իսրայելյանը դադարեցրել է իր անդամակցությունն «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ»-ին:

Պատճառների թվում, ըստ նրա, խորհրդի ու ՀՀ կառավարության միջև բանակցությունների անարդյունավետությունն է եղել, ինչպես նաև՝ անդամներից մեկի՝ առանց խորհրդի հետ քննարկումների՝ Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնի ստանձնումը․ այս մասին արցախցի գործիչը նշեց լրագրողների հետ հանդիպմանը։

Նա հիշեցրեց, որ մեծ հանրահավաքի օրն իշխանություններին ներկայացված է եղել 12 կետերից բաղկացած պահանջագիր։

«Դա նախ Հայաստանում արցախահայության կարգավիճակն է՝ թե՛ սոցիալական հարցերի, թե՛ իրավունքների, թե՛ Արցախի հիմնախնդրի հետ կապված, որը կապված է արցախցիների վերադարձի հույս-հավատի հետ, գերիների, անհետ կորածների հարցերի հետ: Բոլորս միասնական կազմակերպված իրականացրել ենք հանրահավաք, հանրության առաջ տվել ենք այն խոստումները, որի հիման վրա մենք պետք է պայքարենք՝ ոչ թե մեկ գործողությամբ, այլ ստանալով բոլոր հարցերի պատասխանները ներկա իշխանություններից։

Կարդացեք նաև

Քանի որ բոլոր մեղքերի մեղավորը ներկա իշխանություններն են, որ արցախցիներն այս վիճակում են, մեղավորը ներկա իշխանությունն է՝ թե դիվանագիտական տապալումով, թե մարտի դաշտում, թե մնացած ուղղություններում նրա տապալումը,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ իրենց խմբի տեսակետն եղել է, որ գնում են վճռական քայլերով, ոչ մի դեպքում հետդարձ չի լինելու,- Սա համարել ենք՝  մարտի դաշտ է, իսկ մարտի դաշտում նահանջ չպետք է լինի: Այս գործողության արդյունքում կառավարության կողմից եղան արձագանքներ, պատրաստակամություն՝ քննարկել բոլոր այդ հարցերը: Սկզբնական շրջանում խորհրդի կողմից ընտրված 2-3 ներկայացուցիչ հանդիպման են գնացել, սակայն արդյունքներ չեն գրանցվել: Կառավարության կողմից եղել է նախապայման, որ՝ վրանը հանեք, հետո մի ամիս կավելացնենք, հետո երկու ամիս կավելացնենք, ու դրա շուրջ սկսել են  գործողությունները զարգանալ»:

Անաստաս Իսրայելյանն արդեն այդ ժամանակ գիտակցել է, որ իշխանությունների կողմից մանիպուլյացիա է սկսվել, իսկ խորհուրդը, չունենալով արդյունքներ, խոստման համաձայն՝ չի կարողացել իրազեկել հանրությանը։ Հենց այդ պահից է սկսվել նաև նրա անհամաձայնությունը խորհրդի հետ։ Ի դեպ, նա հավելեց, որ խորհրդի 37 անդամներից 5-ը ևս նույն մոտեցումների պատճառով դուրս են եկել խորհրդի կազմից։

168am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ է պատրաստվում անել Անաստաս Իսրայելյանն արդեն խորհրդից դուրս։

«Ես շարունակելու եմ պայքարը, բայց հաշվի առնելով, որ արցախահայության հետ այդ որոշումների հիման վրա ոչ մի դրական փոփոխություն չի սպասվում, մոտ ժամանակները՝ կառավարության հաջորդ նիստի օրը՝ հունիսի 19-ին,  նախատեսում ենք բողոքի ակցիա կազմակերպել Կառավարության շենքի դիմաց։ Նշելու ենք, որ իրենց տված խոստումները չեն կատարել, խաբել են, և այն 2  ամսվա ժամկետը, որ ավելացրել են սոցիալական աջակցության համար,  պահանջելու ենք դարձնել անժամկետ՝ ինչպես սկզբում էինք նշում,- ի պատասխան՝ ասաց նա՝ հավելելով, որ Արցախը կորցնելուց հետո եթե հանրությունը չլինի անկեղծ, նվիրված ու վճռական՝ ոչ մի հարցի պատասխան չենք ստանալու,- Ես մենակ չեմ, ու ինձ մոտ կա համարձակություն, որ ես դուրս եմ գալիս հանրությանը ներկայացնելու իրական վիճակը, իսկ իրականում արդյունքները զրոյական են, և մենք պետք է նորից համախմբվենք ու հանրային ճնշումով ստանանք հարցերի պատասխանները»։

Ըստ նրա՝ առհասարակ չպետք է տարանջատել արցախահայության պահանջները, քանի որ իշխանությունները, օրինակ, սկսում են բանակցել սոցիալական աջակցությունների մասին հարցերի շուրջ ու մոռացության են տալիս գերիների հարցը։

«Այսօր իրավիճակ է հասունացել Եկեղեցու հետ կապված, իմպիչմենտի ձևաչափի․․․ Մենք ամեն տեղ պետք է լինենք առաջնագծում և ոչ թե՝ որպես մասնակից միայն, այլև՝ դերակատար,- հավելեց Անաստաս Իսրայելյանը, ապա անդրադառնալով մեր հարցին, թե ի՞նչ տեսակետ ունեն իմպիչմենտի հարցի վերաբերյալ, շեշտեց,- Դրական է իմ վերաբերմունքը․ ամեն ինչ, ինչ կապված է այս իրավիճակից դուրս գալու հետ, դրական է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »