Իրանի զբաղվածությունն այս կոնֆլիկտով ու առավել ապակայունացումը միանշանակ կօգտագործվի Ադրբեջանի կողմից․ քաղաքագետ

Իրան-Իսրայել պատերազմը տարածաշրջանը դրել է սպասման ռեժիմի․ իրադարձությունների զարգացման մի քանի հնարավոր սցենարներ են քննարկվում, այդ թվում՝ երկարաժամկետ ու լայնածավալ պատերազմի սցենարը։

Քաղաքագետ Դավիթ Հարությունովն այս պատերազմում տարածաշրջանային այլ դերակատարների ներգրավվածության մասին 168am-ի հարցադրումներին ի պատասխան՝ նկատեց, որ Իրանը մինչ այս արդեն իսկ չեզոքացրել էր Իրանի այն դաշնակիցներին, որոնք պոտենցիալ ունեին ներգրավվելու։

«Ու պատճառներից մեկն էլ, թե ինչու իսրայելական հարձակումը հնարավոր դարձավ, հենց դա է։ Իհարկե, տեսականորեն չի բացառվում, որ Իրանը հարվածներ հասցնի հարևան երկրներում գտնվող ԱՄՆ բազաներին, կամ՝ Հորմուզի նեղուցը փակի։ Բայց դժվար է ասել՝ Իրանը կդիմի՞ այդ քալերին, թե՞ ոչ, քանի որ դա կառաջացնի ԱՄՆ ներգրավումը հակամարտության մեջ,- նշեց քաղաքագետը, սակայն որևէ պարագայում չբացառելով ԱՄՆ ներգրավվածությունը,- Եթե, օրինակ, լուրջ վնաս հասցվի Իսրայելին»։

Պատերազմի ենթադրվող ժամկետների մասին իր դիտարկումներում Դավիթ Հարությունովը մեջբերեց արևմտյան լրատվամիջոցներում առկա արտահոսքերը, ըստ որոնց՝ Իսրայելը նախատեսում է 2 շաբաթից մինչև 1 ամիս հարվածներ հասցնել։

Կարդացեք նաև

«Չեմ կարծում՝ առավել երկար տևի, քանի որ իրենք էլ ռեսուրսի խնդիր ունեն, կա տեխնիկական հնարավորությունների խնդիրը, և նաև՝ քաղաքացիական բնակչությունը ևս ինչ-որ փուլից կսկսի դժգոհել։

Այդ մեկ ամիսն էլ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, քանի որ իրենք նպատակ են դրել ապակայունացնել Իրանը,- նշեց նա, ապա հավելեց, թե որոնք կարող են լինել այս կոնֆլիկտի հետևանքները,- Եթե Իրանի ապակայունացման սցենարն իրականություն դառնա, դա հսկայական հետևանքներ կունենա, կդառնա Մեծ Սիրիա, և տարածաշրջանում բոլորը խնդիրներ կունենան։

Իրանն Ադրբեջանին զսպող գործոններից է, և հասկանալի է, որ Իրանի զբաղվածությունն այս կոնֆլիկտով ու առավել ապակայունացումը միանշանակ կօգտագործվի Ադրբեջանի կողմից։

Բացի այդ, եթե Իրանն ինչ-որ կերպ ապակայունանա, Հայաստանը կկորցնի հարավային ուղղությամբ կարևորագույն կոմունիկացիա, ինչը նաև տնտեսական խնդիրների կհանգեցնի։ Կոնֆլիկտի երկարատևության դեպքում կառաջանան նաև սոցիալական հարցեր, քանի որ հնարավոր է՝ առաջանա փախստականների խնդիր»։

Հայաստանի գործող իշխանությունները պաշտոնական հաղորդագրություններով արդեն իսկ դատապարտել են Իրանի դեմ հարձակումը, սակայն հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ գործընթացներին անպատրաստ լինելու համար քննադատում են իշխանությունների անորոշ քաղաքականությունը․ համարժե՞ք է արդյոք հայկական կողմի արձագանքը  տարածաշրջանային լարվածության համատեքստում՝ հետաքրքրվեցինք քաղաքագետից։

«Կարծում եմ՝ այլ տարբերակ չուներ՝ բացի դատապարտելուց այդ գործողությունը, որովհետև առավել ակտիվ լինելու պարագայում խնդիր կունենանք Արևմուտքի հետ, որը կոնսոլիդացվել է Իսրայելի շուրջ։

Ինչ վերաբերում է ներքին պատրաստվածությանը՝ ադեկվատ չէ․ երկար տարիների ընթացքում պետք է Հայաստանը պատրաստվեր սցենարների,- ի պատասխան՝ նշեց Դավիթ Հարությունովը՝ ցավով արձանագրելով, որ հայաստանյան տարբեր տարիների իշխանությունների ու ժողովրդի մոտ կա ընկալում, թե Մերձավոր Արևելքն ինչ-որ հեռու բան է, որը մեզ չի վերաբերում,- Մինչդեռ վերջին տարիների ընթացքում կոնֆլիկտները՝ թե՛ 2016 թվականի պատերազմը, 2020 թվականի պատերազմը, անմիջականորեն կապված են եղել Մերձավորարևելյան պրոցեսների հետ»։

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »