
Դանիել Իոաննիսյանն ինքնամոռաց օգնության հասավ Նիկոլ Փաշինյանին

ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք հիմա մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, բոլորն ազատվելու են աշխատանքից, Ազգային ժողովում (ԱԺ) այսօր հայտարարել է Փաշինյանը:
«Հետո ծնկաչոք գալու են մեր դռների դեմը կանգնեն, բայց ոչ մեկին ներում չի լինելու: Իսկ այն աշխատողները, որոնք կհրաժարվեն և կահազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ և կոնկրետ ցուցմունքներ կտան, չեն ազատվի»,- նշել է նա։
Այս հայտարարությունից քիչ անց նրան օգնության հասավ Նիկոլ Փաշինյանի սրտի բոլոր տեսակի հանձնաժողովների անդամ, Սահմանադրություն գրող, իրավապահ մարմինների ղեկավարներ նշանակող Դանիել Իոաննիսյանը:
«Ի գիտություն ՀԷՑ-ի ու այլ ձեռնարկությունների թոփ-մենեջմենթի՝
Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը մինչև 3 տարվա ազատազրկում է սահմանում այն մարդկանց համար, որոնք իրենց ենթականերին կպարտադրեն մասնակցել որևէ հանրահավաքի:
Քրեական պատասխանատվությանը ենթակա կլինեն նաև այն անձինք, որոնք կմասնակցեն նման պարտադրանքի կազմակերպմանը, դրդմանը, պարտակմանը կամ որևէ այլ կերպ օժանդակությանը»,- իր ֆեյսբուքյան էջում դասակարգային երևակայական թշնամիներին սպառնացել է Դանիել Իոաննիսյանը:
Դանիել Իոաննիսյանն, ինչ խոսք, հիշողության կարճաժամկետ կորուստ է ունեցել թերևս ու չի հիշում, թե ինչպես էին Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ նախարարությունների ու պետական այլ գերատեսչությունների աշխատակիցներին տանում Եռաբլուր, երբ պետք էր ցույց տալ, որ իր հետևից քանակ կա աջակիցների, ինչպես էին մարդիկ դեմքերը փակում, երբ ինքն ու իր զորքը ասպատակում էին Եռաբլուրն ու թռչկոտում մեր նահատակ տղաների շիրիմների վրայով, ինչպես էին նույն այդ մարդկանց տանում ՔՊ-ական որևէ հանրահավաքի, ինչպես էին Տիգրան Ավինյանի քարոզարշավին ու նրա երևանյան վերջին հանրահավաքին մասնակցում ավտոբուսներով մարզերից բերած մարդիկ, քանի տասնյակ ապացույցներ ու տեսանյութեր են լրատվամիջոցները ներկայացրել ասվածը փաստող:
Դանիել Իոաննիսյանն ավելի թարմ իրողություններ նույնպես չի հիշում. Օրինակ՝ ինչպես են Աննա Հակոբյանի ու նրա ամուսնու «Կրթվելը նորաձև է» մարզային արշավներին ամիսներ առաջ մոբիլիզացնում պետական հիմնարկների աշխատակիցներին, նրանց ստիպում ու սպառնում ազատել աշխատանքից, եթե չմասնակցեն դրանց:
Բայց Դանիել Իոաննիսյանը, իհարկե, այդ մասին չի խոսի ու այդ զույգին քրեական պատասխանատվությամբ չի սպառնա:
Մենք ուշադիր զննեցինք Մեծն իրավապաշտպանի ֆեյսբուքյան էջը և այնտեղ չհայտնաբերեցինք, որ, օրինակ, նա անդրադարձած լինի երեկ ու այսօր Սամվել Կարապետյանի դեմ տեղի ունեցող անբարոյական արշավին, չտեսանք, որ ուշադրության արժանացրած լիներ իր հովանավորի երեկվա գրառումը, որը բացահայտ խոստովանություն էր իրավապահներին հրահանգներ տալու, այս պրոցեսին միջամտելու մասին: Ի գիտություն Դանիել Իոաննիսյանի՝ Քրեական օրենսգիրքը արդարադատությանն ապօրինի միջամտության մասին էլ է հոդված նախատեսում:
Եվ վերջում՝ իսկ ամենամեծ զավեշտն այն է, որ Դանիել Իոաննիսյանը խնդիր չի տեսնում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե կխրախուսի Սամվել Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին: