
Հաճախորդը միշտ ճիշտ է․ Հայաստանը՝ գեոպոլիտիկ անառականոցում

Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող գործիքակազմը մատնում է նրա սեփական բարդույթները՝ ըստ ամենայնի ենթագիտակցությունից դուրս հորդող ու բանականության կողմից անկառավարելի բարդույթները։
Նրա հակաեկեղեցական արշավը մեթոդական առումով խարսխված է երկու հասկացությունների վրա՝ կուսակրոնություն և պոռնկություն։ Տեխնոլոգիական իմաստով այս երևույթների շուրջ հյուսվող ցանկացած պատում շահեկան է՝ սեռականությունն ու այլասերումը, հատկապես այլոց, միշտ հետաքրքիր ու ինտրիգային է լսարանի համար։
Բայց դրա չարաշահումը մատնում է տեխնոլոգիան կիրառողի անձնական տրավմաները, որոնք հեղինակը փորձում է թաքցնել սեփական արատներն այլոց վրա փոխադրման՝ սուբլիմացիայի միջոցով։
Կուսությունն ու պոռնկությունը՝ որպես անհատի բնության օբյեկտիվ արտահայտություն ու արատ, ունեն ոչ միայն ուղղակի, այլ նաև փոխաբերական իմաստներ և կիրառելի են մարդկային կենագործունեության գրեթե բոլոր ոլորտների, այդ թվում՝ քաղաքականության պարագային։
Եկեղեցում կուսակրոնության ու պոռնկության թեման դարձնելով համապետական օրակարգ, Նիկոլ Փաշինյանը մատնում է իր սեփական կոմպլեքսները՝ քաղաքականության մեջ բառի բուն իմաստով՝ կույս չլինելու, և բառի բուն իմաստով՝ պոռնկաբարո լինելու մասին։
Քաղաքականության ասպարեզում նրա անցած ողջ ճանապարհը պատմություն է անկույս և պոռնկաբարո վարքագծի մասին, որը շատ մեղմ ձևակերպմամբ՝ արտահայտվում է նպատակին հասնելու համար միջոցների մեջ որևէ, բառի բուն իմաստով, որևէ խտրություն չդնելու հետևողականությամբ։
Իրականում դա շատ քաղաքական գործիչներին բնորոշ հետևողականություն է և՝ ոչ միայն Հայաստանում։ Բայց դա անհատական խնդրից վերածվում է համազգային աղետի, երբ անկույս ու պոռնկաբարո վարքագիծը դառնում է պետության ներքին ու հատկապես արտաքին քաղաքականության միակ ուղենիշը, որի նպատակն աշխարհաքաղաքական անառականոցում հնարավորինս շատ հաճախորդ ունենալն է, երբեմն՝ անգամ գրոշի դիմաց։
Հայաստանին արդեն մի քանի տարի աշխարհում վերաբերվում են որպես պոռնկաբարո սուբյեկտի՝ քաղաքակիրթ երկրները՝ ձևական քաղաքավարությամբ, բռիները, հատկապես տարածաշրջանային սուլթանատները՝ առանց ավելորդ ձևականությունների՝ հարեմի հերթական անդամի հանգույն։
Երկու օր հետո Նիկոլ Փաշինյանն այցելելու է Թուրքիա։ Ալիևը՝ նույնպես:
Հարություն Ավետիսյան