
Ինչո՞ւ է ՏԿԵ նախարարը մեկնում Թուրքիա

168․am-ի աղբյուրները նախօրեին տեղեկացրել էին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, վերջին շրջանում համատեղությամբ՝ «հավատաքննիչ» Դավիթ Խուդաթյանը պատրաստվում է մեկնել Թուրքիա։
Քանի որ պաշտոնական աղբյուրներում նախարարին գործուղելու մասին որևէ տեղեկություն չկար, 168․am-ը կապ հաստատեց նրա խոսնակ Սոնա Հարությունյանի հետ։
«Այո, ճիշտ է, եթե չեմ սխալվում՝ վաղն է մեկնելու,- տեղեկությունը հաստատեց Դավիթ Խուդաթյանի խոսնակը, ապա անդրադառնալով այցի նպատակի, օրակարգի մասին մեր հարցադրումներին՝ նշեց,- Այցի նպատակը տրանսպորտային ամենամյա՝ GLOBAL TRANSPORT CONNECTIVITY ֆորումին մասնակցելն է։ Այն միջազգային ֆորում է, որին մասնակցում են 30-ից ավելի երկրների նախարարներ։ Քննարկվելու են տրանսպորտային ոլորտին, ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր»։
Հավելենք՝ նախորդ տարի այս ֆորումին մասնակցել է ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը։
Արդյոք նախատեսվա՞ծ են նաև երկկողմ ձևաչափով հանդիպումներ՝ մեր հարցին ի պատասխան էլ՝ Սոնա Հարությունյանն արձագանքեց, որ այս պահի դրությամբ չի կարող ասել, սակայն լինելու են պանելային քննարկումներ, կլոր սեղան ձևաչափով հանդիպումներ։
Համաշխարհային բանկի հովանու ներքո կազմակերպվող այս ֆորումի պաշտոնական կայքէջից տեղեկացանք նաև, որ միջոցառումը կայանալու է Ստամբուլում, հունիսի 27-29-ը, բացման արարողությանը մասնակցելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նկատենք՝ Էրդողանն ու Ուրալօղլուն պարբերաբար հնչեցնում են Հայաստանին ուղղված նախապայմաններ, այսպես կոչված, «միջանցքի» մասին, ու դեռ մեկ ամիս առաջ անգամ վստահությամբ նշել էին, թե նախագիծը «նախատեսվում է իրականացնել առաջիկա 3-4 տարիների ընթացքում», և, որ այն Թուրքիան կապելու է թյուրքական աշխարհի հետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ստամբուլում էր նաև Նիկոլ Փաշինյանը․ Ստամբուլի Դոլմաբահչե պալատում կայացել էր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռեջեփ Էրդողանի հետ, ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հայ համայնքի հետ հանդիպմանը, անդրադառնալով Թուրանի ծրագրին, Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Ի՞նչ են ուզում, ուզում են Հայաստանի տարածքով գնան գա՞ն, թող գնան գան, վա՞տ է դա։ Մենք ենք առաջարկում։ Ասում ենք՝ ի՞նչ եք ուզում, ասում են՝ ուզում ենք էս տարածով գնանք Արևելք, Արևմուտք, Հյուսիս, ասում ենք՝ գնացեք։ Ինչո՞ւմն է պրոբլեմը»: Նա հրաժարվել է քննարկել, թե ով և ինչու է փակել սահմանը և ով է ում սահմանափակում։