
«Արևմտյան Ադրբեջան» անվանումը չի կարող օգտագործվել Հայաստանի դեպքում․ Մեհդի Սոբհանի
«Արևմտյան Ադրբեջան անվանումը ԻԻՀ նահանգներից մեկի անվանումն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով օրերս Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության ընդունած հակահայկական հռչակագրին ու բանաձևերին։
Նկատենք՝ կազմակերպության անդամ է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը։
Մեհդի Սոբհանին ասաց, որ կտրականապես մերժում են ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնիշխանությունը։ Նա նաև նշեց, որ ցանկացած կեղծ ու շինծու արտահայտություն, որն իր մեջ կարող է ենթադրել որևէ տեսակի տարածքային պահանջ մեկ այլ երկրի նկատմամբ, մերժում են։ Սոբհանիի խոսքով՝ հորինված ու կեղծ արտահայտությունների օգտագործումը հակասում է ռեգիոնում խաղաղ համակեցության ծրագրին, պետք է խուսափել այդ արտահայտությունների օգտագործումից։
««Արևմտյան Ադրբեջան» անվանումն Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկի անվանումն է, այն չի կարող օգտագործվել որևէ այլ աշխարհագրական տարածաշրջանի համար, հատկապես, երբ այն ենթադրում է որևէ տարածքային պահանջ մեկ այլ երկրի նկատմամբ՝ հատկապես Հայաստանի նկատմամբ։
Մենք աջակցում ենք խաղաղության մասին երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մենք երկու կողմերին խրախուսում ենք արագորեն ստորագրել համաձայնագիրը, որի դրույթներն արդեն համաձայնեցված են։ Սա մեր հստակ դիրքորոշումն է»,- ասաց դեսպան Սոբհանին։