Բաժիններ՝

««Ах это же Франсия»… իհարկե, շատ տխուր եմ. գոնե մի տեղ լինի, որտեղ ոչ միայն հաց կուտեն, այլև մի քիչ էլ ուղեղին սնունդ տան». Ասլան Մխիթարյանը՝ Կասկադի նոր նախագծի մասին

Քաղաքային իշխանությունը որոշել է ավարտին հասցնել Կասկադի արտաքին տեսքի ուղղությամբ աշխատանքները, որի համար ամիսներ շարունակ «Ակտիվ քաղաքացի» հարթակում ներկայացրել էր երկու նախագիծ՝ «Կասկադ մշակութային հանգույց» և «Կասկադ այգիներ», արդյունքում հաղթող ճանաչվել «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը։

Փետրվարին Երևանի քաղաքապետարանը հայտնեց, որ հաղթողը 4 ընկերություններից բաղկացած կոնսորցիում է, որի անունից հանդես է գալու «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։ Ծրագիրը նախատեսում է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցում՝ ապահովելով մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը «Վերածնված Հայաստան» հուշարձանի հետ: Աշխատանքներն իրականացվելու են ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած էսքիզի և դրանից բխող նախագծի հիման վրա: Նախագիծը պետք է ավարտին հասցվի 5 տարում։

Մինչ այս նախագծի հաղթելը, մի խումբ ճարտարապետներ ահազանգում էին, որ պետք է Կասկադն իր ավարտուն տեսքին հասցնել արդեն եղած նախագծով, որը կա դեռևս 1970-ականներից, երբ սկսել են կառուցել այն։

Ավելի վաղ, ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը 168.am հետ զրույցում ասել էր, որ Կասկադի արտաքին տեսքն այդպիսով աղավաղելու են։

Կարդացեք նաև

«Կասկադի նախագծի հեղինակներից մեկին՝ Ասլան Մխիթարյանին, պետք է հանձնվեր գործը, որպեսզի նա ավարտին հասցներ, բայց սա անելու փոխարեն՝ դրել ինչ-որ ուրիշ նախագիծ են քննարկում»,- ասել էր Դավիթ Ստեփանյանը։

ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանի խոսքով՝ եթե պետք էր ինչ-որ բաներ ավելացնել, առաջադրանքներ կազմել՝ քաղաքապետարանի առաջ քաշած պահանջների հիման վրա, մեծ հաճույքով կկատարեին, սակայն իրենց անտեսեցին։

«Այսպես ասած՝ հնչում է, չէ՞, ամերիկացին, ֆրանսիացին… ֆրանսիացին էլ, ասենք, օրինակ, Ֆլորիդա նահանգից մի «զիլ» էր մեծացրել, բերել ներկայացրել է, ու բոլորն ասել են՝ «Ах, это же Франция», իհարկե, շատ տխուր եմ։ Լավ կլինի, որ գորգը, որը հուշարձանից փռված է դեպի Օպերայի ու Թամանյանի պուրակ, ավարտվեր այնպես, ինչպես կա։ Ամենակարևորը ձեզ ասեմ՝ ցանկացած ժամ ու ցանկացած օր, Կասկադում մեծ թվով մարդիկ կան, երեխաներ, երիտասարդություն։ Հենց վերևում շինություն դրեցին, Կասկադն ընկնելու է «Օղակաձև» այգու օրը, այն արդեն հանրային չի լինելու։ Այն պարզապես լինելու է շինություն իր ամեն ինչով։ Այս գեղեցիկ ավանդույթը, որ մարդիկ վերևից իջնում են, բարձրանում, անգամ Արաբկիրից իջնում են ոտքով Կասկադ ու ոտքով վերադառնում տուն՝ չի լինելու այլևս։ Աստիճանաբար Կասկադը կքանդվի»,- 168.amի հետ զրույցում նշեց Ասլան Մխիթարյանը։

Կասկադի հիմնական նախագծի հեղինակի հետ ո՛չ Երևանի քաղաքապետը, ո՛չ էլ քաղաքապետարանից որևէ ներկայացուցիչ այսքան ժամանակ որևէ խորհրդակցություն չի անցկացրել, նրա կարծիքը չեն հարցրել։

«Ինձ թվում է՝ քաղաքապետարանում մարդիկ կան, որոնք ասում են, թե մենք հին ենք, երիտասարդները լավ են, դրսում ամեն ինչ ժամանակակից է, և այլն։ Մենք որևէ կուսակցության անդամ չենք եղել ու չենք, մեր կուսակցությունը Կոմիտասն է, Ջիմ Թորոսյանը, Մոմիկը, Արամ Խաչատրյանը։ Մենք նրանց ծառաներն ենք։ Այս ժամանակաշրջանում արվեստին մի ուրիշ անուն են տվել՝ բիզնես, արվեստը դարձրել են ամենաթանկ բիզնեսն աշխարհում։ Եթե այսօր ամենալավ մեքենան վաճառում են 10 միլիոնով, արվեստը վաճառում են 100 միլիոնով, բայց այն արվեստը, որը կոչվում է ճարտարապետություն կամ բարձր արվեստ, իհարկե, անգին է»,- հավելեց Ասլան Մխիթարյանը։

Ըստ նրա, Կասկադի նախագիծը իրականացնելուց հետո այնտեղ  լինելու է մշակութային կենտրոն՝ իր բոլոր հարմարություններով. հյուրանոց, դահլիճ, համերգասրահ և այլն։

«Այսինքն՝ սա պետք է գոնե մի տեղ լինի, որտեղ պետք է ոչ միայն հաց ուտեն, այլև մի քիչ էլ ուղեղին սնունդ տան։ Պետք է բովանդակությունը համապատասխանի արտաքինին, և՝ հակառակը»,- հույս հայտնեց Ասլան Մխիթարյանը։

Նշենք, որ Կասկադը կառուցվել է ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Ասլան Մխիթարյանի և Սարգիս Գուրզադյանի նախագծով։ Կասկադի շինարարությունը սկսվել է 1971 թվականին և մասնակի ավարտվել 1980 թվականին։

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »