
ԲՐՈՒՑԵԼՈԶ՝ ՄԱՐԶՈՒՄ. ՏՈՏԱԼ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ. ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ՄՍԻՑ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻՑ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում և Սևանի տարածաշրջանի Չկալովկա գյուղում ամիսներ շարունակ բրուցելոզ հիվանդությունն է մոլեգնում:
Այս մասին 168.am-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:
Այս անգամ նա անդրադարձել է Գեղարքունիքի մարզում բրուցելոզի բռնկման դեպքերին:
«Հիվանդությունը լուրջ հարված է հասցրել համայնքների անասնապահությանը: Խոշոր և մանր անասունների մի մասը հարկադիր սպանդի է ենթարկվել, մի մասն էլ առաջիկայում կենթարկվի: Բրուցելոզով վարակվել են նաև մարդիկ»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ այս ամենը չէր լինի, եթե ամեն պետական կառույց իր տեղում ճիշտ և արդյունավետ աշխատանք իրականացներ:
«Ցավոք սրտի, փաստ է, որ բրուցելոզի տարածումն արդեն դուրս է եկել Չկալովկայի և Ճամբարակի համայնքներից, և ողջ հանրապետությունով կարող է լինել տարածվածությունը` և՛ մսի, և՛ կաթնամթերքի միջոցով: Դրա արդյունքում կլինեն հիվանդացության բարձր ցուցանիշներ»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Վերջինս նկատեց՝ բրուցելոզը ծանր ինֆեկցիոն հիվանդություն է, որը մարդկանց մինչև իսկ հաշմանդամության է հասցնում, կարող է բերել լուրջ առողջական խնդիրների:
«Ի՞նչ է անում Առողջապահության նախարարությունը. ուշացումով սկսել է կատարել նմուշառումներ բնակչությունից: Դրան զուգահեռ՝ շրջանառվում է կառավարության որոշման նախագիծ՝ «Համաճարակի և համավարակի պատրաստվածության և արձագանքման պլան»:
Փաստ է, որ COVID-19 համավարակից հետո, որից արդեն 5 տարի անցել է, մենք չունենք համաճարակային և համավարակային իրավիճակների կանխարգելման պլան: Ինչպե՞ս պետք է վարվել նման դեպքերում: Սա տոտալ անգործության արդյունք է: Եթե այս ամենին ավելացնենք, որ «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ազատվել են աշխատանքից, մասնաճյուղը փակվել է, ապա ամբողջ համաճարակային պատկերը դառնում է ակնառու»,- եզրափակեց Անուշ Պողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ
Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին: