
«ՀՀ-ում Ղարաբաղի որևէ պետական կառույց չկա, ինչ էլ կա՝ հ/կ-ի մակարդակի են». Ալեն Սիմոնյան
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ եկեղեցին ունի բազմաթիվ պարկեշտ և հարգանքի արժանի մարդիկ, շեշտելով՝ եթե պետք լինի, այդ մարդկանց անունները նույնիսկ կբարձրաձայնի։
Նա հորդորեց տարանջատել՝ եկեղեցին և Առաքելական եկեղեցում, նրա բնորոշմամբ՝ «ծվարած» որոշ բիզնեսմենների, եկեղեցական կանոնները խախտած մարդկանց։
«Հայ Առաքելական եկեղեցու դեմ ով փորձի ոտնձգություններ անել, ես և իմ բոլոր ընկերներն առաջինն ենք կանգնած՝ որպես պաշտպան։ Անհատներին նույնացնում են եկեղեցու հետ, որը, ի դեպ, մեղք է, դրանք տարբեր բաներ են։ Ինչ-որ մարդիկ ասում են՝ ես այսինչ մարդուն չեմ թողնելու եկեղեցի։ Դու ո՞վ ես, որ Առաքելական եկեղեցու հետևորդին չթողնես մտնի եկեղեցի, դուք ծառա եք։ Այդ մարդիկ ծառա են, նրանք պետք է ծառայեն այն մարդկանց, որոնք հավատացյալ են»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Նա նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցը, թե Վեհափառը զավակ ունի՞, թե՞ ոչ, պետք է ստանա իր պատասխանը, և եթե հանկարծ պարզվի՝ կաթողիկոսը զավակ ունի, պետք է հեռանա։
Հարցին՝ տեղեկություններ կան, որ Ալբանիայում Ալիևը պահանջել է ՀՀ-ում Արցախի պետական կառույցները լուծարելու, կա՞ նման պահանջ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Ղարաբաղյան որևէ կառույց ՀՀ-ում չկա, ինչ կառույց էլ կա, որը կարելի է անվանել ինչ-որ կառույց, դրանք հ/կ-ների մակարդակից ավելի չեն կարող լինել, հակառակ պարագայում՝ վստահ եմ ու պահանջում եմ, որ պետական համապատասխան մարմիններն իրենց արձագանքը տան»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում