ԱԱԾ միջնորդությամբ քննչականում Դավիթ Գալստյանի հետ «զրույցի» իրենց կինոյի երկրորդ սերիան է. Մետաքսե Հակոբյան

Քիչ առաջ փաստաբան Ռոման Երիցյանը տեղեկացրել էր, որ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին տեղափոխել են ԱԱԾ քննչական, նրան ձերբակալում են։ Նրա հետ տեղափոխել են նաև «Սրբազան պայքարի» աջակից մի խումբ արցախցիների։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 168.am-ին ասաց, որ ձերբակալության մասին իրենց չեն ասել, ասել են՝ ուրբաթ օրվա «զրույցի» երկրորդ մասն են իրականացնում։

«Հավանաբար իրենց սրտով չի եղել Դավիթ Գալստյանի «զրույցի» ավարտը, որոշել են շարունակել։ Այո, իրականում Դավիթ Գալստյանն այն գործիչներից է, որը որևէ կերպ չի դադարելու խոսել Հայաստանի շուրջ տեղի ունեցած իրավիճակի և Արցախում տեղի ունեցողի մասին։

ԱԱԾ միջնորդությամբ քննչականում «զրույցի» երկրորդ սերիան է, իրենց կինոյի։ Երևի փորձում են ավելի մեծ ճնշում գործադրեն, որպեսզի Դավիթ Գալստյանը դադարեցնի իր ակտիվ գործունեությունը»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Կարդացեք նաև

Պատգամավորը նաև փոխանցեց, որ իր տվյալներով՝ Դավիթ Գալստյանից բացի, Արցախի ԱԺ պատգամավորներից որևէ մեկին «զրույցի» հրավեր չեն ուղարկել։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Սրբազան պայքարի» աջակիցների, այդ թվում՝ Բագրատ սրբազանի բնակարանում։ Խուզարկությունից հետո իրավապահները կապարակնքեցին Սրբազանի բնակարանի դուռը, իսկ Սրբազանին տարան քննչական կոմիտե։

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »