Եթե այսօր հարցականի տակ է դրվում ՀԷՑ-ը, ապա վաղը կդրվի նաև ատոմակայանի հարցը․ այս տեսակ քայլերով է, որ էներգետիկ անվտանգության հիմքերը սկսում են ճաքեր տալ․ Վահե Դավթյան

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,- պաշտոնական դարձրած իր սոցիալական էջերում օրերս տեղեկացրել էր Նիկոլ Փաշինյանը։

Եվ որպեսզի իշխանությունն այս հարցում ցույց տա իր հաստատակամությունը, այսօր Հյուսիսային պողոտայում անհասկանալի հիմնավորմամբ ապամոնտաժեցին Սամվել Կարապետյանին աջակցող էլեկտրական պաստառները։

ՀԷՑ հնարավոր պետականացման մասին 168am-ի հարցադրումներին ի պատասխան՝ քաղաքագետ, Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը նկատեց, որ այդ գործընթացը, մեղմ ասած, հակասում է այն քաղաքականությանը, որը կառավարությունն իրականացնում է 2022 թվականից ի վեր:

«Խոսքն էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման մասին է, որը պետք է հանգեցնի պետական մասնակցության էական կրճատմանը,- հիշեցրեց Վահե Դավթյանը՝ հավելելով,- Բացի այն, որ նման առաջարկը քաղաքական ենթատեքստով է ուղեկցվում, այն նաև ռիսկեր է առաջացնում երկրի ներդրումային գրավչության համար․ ներդրողների համար կարևորագույն նախապայմաններից մեկը կանխատեսելիությունն է։ Երբ ռազմավարական ոլորտում առանց խորը մասնագիտական գնահատականի, նախաձեռնվում են «պետականացման» պես բարդ գործընթացներ, դա ազդակ է, որ խաղի կանոնները հեշտությամբ կարող են փոխվել ցանկացած պահի։ Արդյունքում, միջազգային ներդրողներն ու վարկային գործակալությունները սկսում են կասկածել՝ արդյո՞ք հնարավոր է Հայաստանում երկարաժամկետ ծրագրեր իրականացնել»։

Կարդացեք նաև

Մասնագետը շեշտեց՝ այս ամենը կարող է բացասաբար անդրադառնալ նաև երկրի վարկային վարկանիշի վրա, ինչը ֆինանսական օգնություն ստանալը կդարձնի ավելի բարդ և թանկ։ Եվս մեկ խնդիր, որի վրա ուշադրություն հրավիրեց Էներգետիկ հարցերով փորձագետը, ներդրումների մասին էր։

«Եթե ՀԷՑ-ը դառնա պետական, կառավարությունը ստիպված է լինելու ինքն ապահովել անհրաժեշտ ներդրումները, ինչը, մեծ հաշվով, նշանակում է նոր վարկեր՝ նոր պարտք։ Իսկ այդ պարտքը մարելու համար, ըստ ամենայնի, նորից բարձրանալու են էլեկտրաէներգիայի սակագները։ Այսինքն՝ պետականացումը, որն իբր արվում է ժողովրդի անունով, արդյունքում բեռ է դառնում հենց այդ նույն ժողովրդի վրա»,- շեշտեց նա։

Վահե Դավթյանն այս համատեքստում նաև հիշեցրեց թուրքական տարածաշրջանային էներգետիկ նկրտումների մասին։

«Թուրքիան մինչև 2035թ. նախատեսում է ունենալ շուրջ 120 ԳՎտ վերականգնվող էներգիայի հզորություն։ Դա միայն թվեր չեն՝ դա մեծ էներգետիկ գեոռազմավարության մի մաս է, որով Թուրքիան ձգտում է դառնալ տարածաշրջանային էներգետիկ հզոր կենտրոն՝ կամ, չխուսափենք այս բառից, հեգեմոն։ Այս ծրագրի տրամաբանությամբ՝ Թուրքիան ընդլայնում է իր ազդեցությունը՝ էներգետիկ հոսքերի և ենթակառուցվածքների միջոցով: Այդ ֆոնին Հայաստանում ՀԷՑ-ի նման կարևոր ընկերության շուրջ գեներացվող աղմուկը, եթե նույնիսկ ներքին խնդիրներից է բխում, կարող է տեղավորվել նաև արտաքին ավելի լայն սցենարի մեջ։ Երբ ներքին որոշումները սկսում են հակասել երկարաժամկետ ռազմավարությանը և բացում են դուռն անկանխատեսելիության առաջ, դրանով մենք թույլ կողմ ենք դարձնում մեր ռազմավարական ենթակառուցվածքները»,- մանրամասնեց քաղաքագետը։

Ըստ նրա՝ եթե այսօր հարցականի տակ է դրվում ՀԷՑ-ը, ապա վաղը, նույն տրամաբանությամբ, կարող է դրվել նաև ատոմակայանի հարցը։

«Հենց այս տեսակ քայլերով է, որ երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը սկսում են ճաքեր տալ՝ դառնալով ավելի խոցելի արտաքին ազդեցության համար»,- ասաց նա։

Հնարավո՞ր է, որ ՀԷՑ ազգայնացումը հենց դրսի պատվեր է. մեր այս հստակեցմանն արձագանքելով՝ Վահե Դավթյանը նշեց, որ հստակ տվյալներ չունի այս ամենում դրսի հետքի մասին, սակայն, ըստ նրա, մի բան հստակ է․ «Էլեկտրաէներգետիկ հզորությունները դինամիկորեն զարգացնող և ագրեսիվ արտահանման ռազմավարություն մշակող Անկարայի համար պարզապես ձեռնտու չէ, որ հարևան Հայաստանում առկա լինի ազգային էներգետիկ համակարգ՝ ուղղված էլեկտրաէներգիայի արտահանմանը, Հյուսիս-Հարավ միջանցքին ինտեգրմանը, Իրան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ առանցքում դիրքավորմանը»։

Տեսանյութեր

Լրահոս

OSZAR »